22:18 24 հուլիսի, 2024Հանգուցյալ կոլումբիացի նկարիչ Ֆերնանդո Բոտերոյի դուստրն օգնել է Հռոմի փողոցներն ու հրապարակները վերածել բացօթյա թանգարանի, որտեղ ցուցադրվում են իր հոր հայտնի եռաչափ, տարօրինակ քանդակները:
Ցուցահանդեսը կազմակերպվել է որպես հարգանքի տուրք Բոտերոյին, ով մահացել է 2023 թվականի սեպտեմբերի 15-ին՝ 91 տարեկանում, Մոնակոյում, որտեղ արվեստանոց ուներ։ Նկարիչը երկար տարիներ ապրել է նաեւ իտալական Տոսկանայի շրջանի Պիետրասանտա քաղաքում, որտեղ նրան թաղել են երրորդ կնոջ՝ նկարչուհի Սոֆյա Վարիի կողքին, հայտնում է AP-ն։
«Վստահ եմ, որ հայրս շատ հուզված կլիներ, քանի որ Իտալիան միշտ եղել է նրա երկրորդ տունը»,-TV2000 իտալական մասնավոր հեռուստաալիքին ասել է նրա դուստրը՝ Լինա Բոտերոն:
Ցուցահանդեսին ներկայացված բոլոր արձանները ստեղծվել են Բոտերոյի կողմից, երբ նա ապրում էր Իտալիայում։ Նրա կապվածությունը Իտալիային մասամբ պայմանավորված էր Վերածննդի դարաշրջանի վարպետների հետ նրա գեղարվեստական հարազատությամբ:
Չնայած նրա տպավորիչ բրոնզե քանդակները ցուցադրվել են Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի բազմաթիվ մայրաքաղաքների այգիներում եւ ծառուղիներում, Հռոմում դրանք առաջին անգամ կարող են տեսնել նման մասշտաբով։ Ցուցահանդեսը կփակվի հոկտեմբերի 1-ին։
Արվեստասերները կարող են հետեւել Բոտերոյի ճանապարհին՝ սկսած Վիլլա Բորգեզեի կենտրոնական այգուց, որտեղ «Պառկած կինը» նայում է Հռոմի տանիքների վրայով դեպի Սուրբ Պետրոսի տաճար։ Պիացցա դել Պոպոլոյում Ադամի եւ Եվայի քանդակները նայում են միմյանց։ Սանձով ձին գտնվում է Հռոմի կենտրոնի առեւտրական փողոցում՝ Via del Corso-ում, ճամփորդությունն ավարտվում է Պիացցա դի Սպագնայի մոտ՝ «Նստած կնոջով»:
Ցուցահանդեսի համակազմակերպիչներից մեկը՝ Լորենցո Զիչիչին, ասում է, որ սխալ կլինի քանդակները գեր անվանել։ «Բոտերոն միշտ ասում էր, որ երբեք չի նկարել կամ քանդակել գեր կանանց»,-նշել է նա,-«Այն, ինչ նրան հիացրել է, ծավալն էր»:
Նշենք, որ Բոտերոյի երեք քանդակները՝ «Ծխող կինը», «Հույն ռազմիկը» եւ «Կատուն», տեղադրված են Երեւանում՝ Գաֆեսճյան արվեստի կենտրոնում։