Ինչպես ձևավորել հոնքերը. 4 պարզ քայլ

23:02   30 հուլիսի, 2024

2000-ականների սկզբի գերնուրբ հոնքերից մենք անցել ենք ավելի փարթամ, առողջ, թավ հոնքերի, որոնց խնամքը մեծ ջանք չի պահանջում:

Ըստ Սանիա Վուչետայի՝ Նյու Յորքի Sania's Brow Bar-ի հիմնադիրի, հոնքերի հարցում քիչն ավելի շատ է նշանակում: Ռիհաննայի և Սառա Ջեսիկա Փարքերի հոնքերի խնամքով զբաղվող Վուչետայը հոնքերի առողջ ֆոլիկուլների ջատագովն է և իր հաճախորդներին էլ նույնն է խորհուրդ տալիս, երբ նրանք ցանկանում են նոր ձև տալ հոնքերին:

«Ազատվեք խոշորացնող հայելուց և պայծառ լույսից,- ասում է Վուչետայը։- Միայն բնական լուսավորություն։ Հոնքերի վրա կենտրոնանալը ձեզ ի վերջո կստիպի «համը հանել»: Վեց ամիս է պահանջվում, որ հոնքի մազերը նորից աճեն», - զգուշացնում է նա:

Մեկ այլ պատվիրան Վուչետայից. «Ոչ քսուքներ, ոչ լոսյոններ, ոչ մի բան հոնքերի շուրջ,- ասում է նա։- Այս միջոցները կարող են վնասել ֆոլիկուլները և ճնշել մազերի աճը, ուստի առանձնապես զգույշ եղեք հոնքերի շուրջ մաշկի խնամքի միջոցներ կիրառելիս»:

Վերջապես, Վուչետայն զգուշացնում է, որ չօգտագործեք մոմ կամ թել՝ հոնքերը ձևավորելու համար, քանի որ երկու եղանակներն էլ կարող են վնասել ֆոլիկուլները և չափազանց շատ մազեր հեռացնել: «Մոմը ձգում է մաշկը,- ասում է նա:- Թելերը քաշում են մազերը բոլոր ուղղություններով և հաճախ՝ ոչ ճշգրիտ»։

«Նրբունելիով միանգամից մի մազ եք քաշում: Այսպիսով, կարող եք իրականում ձևավորել ձեր նախընտրած ձևը և կերտել այն ըստ անհրաժեշտության: Եվ երբ դա ընդամենը մի մազ է, չափն անցնելու հավանականությունը շատ քիչ է»:



© NEWS.am STYLE