Christian Fashion սրճարան. Բարձր նորաձևության և գաստրոնոմիայի աշխարհները մեկ պնակում

14:28   4 օգոստոսի, 2024

Երևանի փոքր կենտրոնում՝ Թումանյան փողոցում, գործում է եզակի ՝ Christian Fashion Cafe հաստատությունը։ Սրճարանի երիտասարդ և կրեատիվ հիմնադիր Արթուր Պողոսյանը միավորել է բարձր նորաձևության և գաստրոնոմիայի աշխարհները։

«Կա Dior ռեստորան, որը մատուցում է եռաշերտ շոկոլադե տորթ Դիորի ափսեներով: Կան բրենդներ, որոնք մատուցում են աղանդեր՝ ոգեշնչված միայն սեփական ստեղծագործություններով, մինչդեռ հենց մեր բացած հաստատության ձևաչափ գոյություն չունի»,- ասում է Արթուրը։

картье.jpg (52 KB)

«Christian Fashion Cafe»-ի յուրաքանչյուր աղանդեր արվեստի գործ է, ընդ որում բառի ուղիղ իմաստով: Օրինակ՝ Valentino աղանդերը՝ աշխարհահռչակ բրենդի համանուն օծանելիքի բույրերն արտացոլելով։ «Մեր նպատակն էր բույրը վերածել համի, որպեսզի մարդիկ կարողանան այն վայելել»,- ասում է Արթուրը: Դիզայներական զգեստներով ոգեշնչված աղանդերի ստեղծումը միանգամայն բարդ խնդիր է: Cartier աղանդերը ճաշացանկում դեռ բացակայում է, քանի որ դրա տեխնիկան պահանջում է երկու մարմին, որոնք կցակազմելը հեշտ գործ չէ: «Փորձեր ենք արել, բայց մեր շեֆ-հրուշակագործը դեռ աշխատում է դրա վրա», - խոստովանում է Արթուրը:

картье1.jpg (58 KB)

Սրճարանի ինտերիերը ձևավորված է բարձր նորաձևության ոճով՝ ստեղծելով մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր տարր՝ դեկորից մինչև ճաշացանկ, էսթետիկա և ոճ է արտացոլում: «Շքեղ ինտերիերը շփոթեցնում է մարդկանց, մտածում են, որ հայտնվելու են գերթանկ ռեստորանում, բայց Christian-ը նույն սրճարանն է, ինչ այս փողոցում գործող շատ  սրճարաններ: Այո, «դիզայներական աղանդերի» գինը Երևանի միջինից բարձր է, բայց այն ձեռքի աշխատանք է։ Բայց մեկ աղանդեր ստեղծելու համար մոտ երկու ամիս է պահանջվում»,- նշում է Արթուրը։

Christian Fashion Cafe-ում աղանդերը ստեղծելիս միաժամանակ հաշվի է առնվում «ինստագրամյան» ճաշատեսակների ժամանակակից միտումները: Յուրաքանչյուր աղանդեր ոչ միայն համեղ է, այլև աչք շոյող՝ ինչն այն կատարյալ է դարձնում սոցիալական ցանցերի լուսանկարների համար: Արթուրը գիտակցում է առցանց հանրահռչակման կարևորությունը. «Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ լսարանին առաջարկվող ապրանքը  սոցիալական ցանցերում էլ պետք է հանրահռչակվի»:

картье2.jpg (105 KB)

Սրճարանն առաջարկում է նաև pop-up աղանդեր, որոնք ճաշացանկում սահմանափակ ժամանակով են հայտնվում: Ով հասցրել՝ կերել է , ինչպես ասում են, և, ըստ Արթուրի, այս շարքի վերջին աղանդերը ձեռքից ձեռք են խլել։ «Իհարկե, երբեմն ափսոսում ես, որ աղանդեր ստեղծելու համար մի քանի ամիս ես ծախսում ու  ընդամենը մի քանի շաբաթ պիտի կներկայացնես»,- ծիծաղելով խոստովանում է Արթուրը։

картье4.jpg (50 KB)

Երբ Արթուրին հարցրի հայկական բրենդների հետ համագործակցության ծրագրերի մասին, նա պատասխանեց, որ տեղական դիզայներներից առաջարկներ են լինում պարբերաբար, բայց որպես կանոն, առայժմ միայն «միջին կարգի դիզայներներից»։ Դրա համար էլ նա առայժմ հրաժարվում է առաջարկներից։ «Առաջին հերթին, ավանդական տարրերով հանդերձանքներ վերստեղծելը հեշտ բան չի: Երկրորդ, պետք է հասկանալ, որ սա այնքան էլ բրենդների համապատասխան համեմատություն չի լինի: Դա պետք է շատ կրեատիվ մի բան լինի։ Հետո էլ, իրագործման համար մոտ երկու ամիս պիտի ծախսեմ, և դա պիտի շատ սրտովս  լինի, որ դրա վրա ժամանակ և ռեսուրսներ ծախսեմ։ Գինը զգալիորեն ավելի բարձր կլինի, քանի որ դա ուղղակի գովազդ կլինի: Իսկ այդ ժամանակ մարդը ընտրության առաջ կկանգնի՝ վերցնել Valentino աղանդե՞ր, թե՞ հայկական բրենդ ներկայացնող ավելի թանկ աղանդեր, որից տվյալ  մարդը, թերևս, տեղյակ էլ չէ»։ 

картье5.jpg (78 KB)

Արթուրը շարունակում է զարգացնել իր հաստատությունը՝ ծրագրելով ընդլայնել ճաշացանկը, ստեղծել նոր աղանդեր և թեմատիկ միջոցառումներ կազմակերպել։ Christian-ի փիլիսոփայությունն է մարդկանց ծանոթացնել նորաձևության պատմությանը: «Սրանք սոսկ հարստություն և շքեղություն մարմանվորող թանկ բրենդներ չեն։ Սրանք մի ամբողջ պատմություն են պարունակում»,- նշում է Արթուրը։ «Այն, որ կանայք այժմ չեն տառապում սեղմիրանրի (կորսետ) մեջ, Dior-ի վաստակն է: Ջինսերը Levi's են: Հայաստանում շատերն այս ապրանքանիշերը միայն շքեղություն են համարում։ Ուստի Christian-ը ոչ միայն ինստագրամյան աղանդերներ է հրամցնում, Christian-ը նորաձևության և գաստրոնոմիայի տանդեմ է»։



© NEWS.am STYLE