Արամ MP3. «Երբ «Եվրատեսիլ»-ի իմ երգը պատրաստ լինի, կփորձեմ այն ներկայացնել Եվրոպայում»

14:31   15 հունվարի, 2014

Հայտնի է, որ հայ ճանաչված շոումեն եւ երգիչ Արամ MP3-ը «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթում ներկայացնելու է Հայաստանը: Այս տարի մրցույթն անցկացվելու է Կոպենհագենում: Oikotimes.com կայքն Արամի հետ հարցազրույց է հրապարակել:

Զարմացա՞ծ էիք, երբ Ձեզ առաջարկեցին Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլ» մրցույթում:

Այդ իսկական անակնկալ էր ինձ համար, Ամանորյա անակնկալ: Մեծ պատասխանատվություն է, բայց ես պատրաստ եմ փորձել հաղթել եւ մրցույթը մեր երկիր բերել:

Արդեն գիտե՞ք, թե ինչ երգ եք ներկայացնելու մրցույթում: Արդյո՞ք այն անգլերեն  է լինելու:

Ներկայում ինչպես իմ հայրենակից, այնպես էլ արտասահմանյան կոմպոզիտորները բազմաթիվ երգեր են գրում ինձ համար: Ես նույնպես ստեղծագործում եմ: AMPTV-ի հետ կընտրենք լավագույն տարբերակը: Չգիտեմ, արդյո՞ք այն միայն հայերեն կլինի, թե մի մասը՝ հայերեն, մի մասը՝ անգլերեն: Մի բան հաստատ գիտեմ. այն կորեերեն չի լինի:

Ամստերդամում նախանշված «Եվրատեսիլ»-ի համերգին մասնակցելո՞ւ եք:

Հույս ունեմ: Այդ մեծ համերգ է Դանիայում կայանալիք մրցույթից առաջ: Երբ իմ երգը պատրաստ լինի, անմիջապես կփորձեմ այն ներկայացնել Եվրոպայում: Բուն մրցույթում ինձ դժվար խնդիր է սպասվում: Չնայած շատ երկրներ հրաժարվել են մասնակցել մրցույթին, ամեն դեպքում, եզրափակչում 25 կամ 26 երկիր է ներկայանալու: Դժվար է լինելու:

Ի՞նչ եք կարծում, Հայաստանն ու Ադրբեջանն այս տարի միմյանց միավորներ կտա՞ն:

Չեմ կարծում: Բայց հույս ունեմ, որ մի օր աշխարհում խաղաղություն կհաստատվի, եւ բարությունը կկառավարի աշխարհը:

Մրցույթի ժամանակ լարվածությունը մեծ է: Եթե ինչ-որ մեկը վատ զգա, որպես Բժշկական ինստիտուտի շրջանավարտ, կկարողանա՞ք առաջին օգնություն ցուցաբերել:

Իհարկե: Ես առաջինը բժշկական օգնություն կցուցաբերեմ: Հուսով եմ՝ նա, ում կօգնեմ, գեղեցիկ կլինի:



© NEWS.am STYLE