«Սերը եւ սեքսը ռոբոտների հետ». Տեխնոլոգիաները դառնալու են մեր էրոտիկայի մի մասը՝ դուր է գալիս մեզ դա, թե ոչ

19:22   27 օգոստոսի, 2024

Քվեբեկցի  հետազոտողները տեխնոլոգիական հեղափոխության շեմին են, որը կարող է վերափոխել մարդկային սեքսուալությունը, եւ այն արդեն վերափոխվել է՝ ըստ այն համաժողովի, որն անցկացվել է Քվեբեկի համալսարանում (Մոնրեալ, UQAM) «Սերը եւ սեքսը ռոբոտների հետ» վերնագրով, գրել է The Gazette-ը։

Եթե «էրոբոտիկան», ինչպես այն անվանում են, ոմանց մոտ հետաքրքրասիրություն եւ անգամ անվստահություն է առաջացնում, ապա համաժողովի օրակարգը նշանն էր այն բանի, որ դա այլեւս հիպոթետիկ չէ։

Համաժողովի իններորդ հավաքը, որը կազմակերպել է հետազոտողների միջդիսցիպլինար խումբը Կանադայից, ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից, ներառել է մոտ 20 ուղղություն, որոնցում դիտարկվել են մի շարք հարցեր՝ կապված «էրոբոտիկայի» հետ՝ զգացումների փոխադարձություն, մենստրուալ ցիկլի ազդեցություն սեքսուալ խթանման անհատականացման վրա, էրեկտիլ խանգարումների դրսեւորումներ վիրտուալ էրոտիկ սցենարների դեպքում եւ վիրտուալ կոմպանյոնների գեղարվեստական ստեղծագործության ուսումնասիրություն։

«Էրոբոտիկա» տերմինը հորինել են երկու հետազոտողներ՝ Սայմոն Դյուբեն (UQAM-ի սեքսոլոգիայի ամբիոնի դոցենտ) եւ Դեյվ Անքթիլը (Ժան դը Բրեբյոֆ քոլեջի փիլիսոփայության եւ արհեստական բանականության պրոֆեսոր)։ Այդ հետազոտությունն ուսումնասիրում է մարդկանց եւ մեքենաների միջեւ էրոտիկ կոէվոլյուցիան։

Տերմինն ընդգրկում է սեքս-խաղալիքները, ծանոթությունների կայքերը՝ լրացված վիրտուալ իրականությամբ, եւ չաթ-բոտերը։

 «Ապագայի այդ սեքսուալության ամենակարծրատիպային պատկերացումները այլեւս չեն արտացոլում ողջ հնարավորությունները, որոնք այսօր կան շուկայում»,- նշել է Դյուբեն։

«Մարդիկ ավելի հաճախ են  ստեղծում իրենց սեփական պոռնոգրաֆիան. նրանք կարող են ստեղծել  բարդ պատկերներ եւ տեսանյութեր, ինչպես նաեւ կերպարներ, որոնց հետ կարող են փոխգործակցել, իսկ հետո (այլ կերպարները) կարող են փոխգործակցել այդ կոնտենտի հետ»,- ասել է Դյուբեն։

Ի հեճուկս տարածված կարծիքի՝ այդ հարաբերությունները հավասար չափով հետաքրքրում են տղամարդկանց եւ կանանց։ Բայց ներկայում տարբերություն կա. «Տղամարդիկ ավելի շատ, քան կանայք, հետաքրքրված են սեքսով արհեստական զուգընկերների հետ, ներառյալ ռոբոտները»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ «դուր է գալիս դա մեզ, թե ոչ՝ այդ տեխնոլոգիաները դառնալու են մեր էրոտիկայի մի մասը»։ «Մենք պետք է գտնենք դա անելու ներդաշնակ միջոց»։



© NEWS.am STYLE