23:15 30 օգոստոսի, 2024Վերջին տարիներին պլաստիկ վիրահատությունների թիվն ավելանում է գրեթե երկրաչափական պրոգրեսիայով։ Սակայն, ինչպես հայտնի է, բոլոր միջամտությունները կապված են վտանգի հետ, բայց դրանցից մեկը հատկապես վտանգավոր է 92 տոկոսով։
Overnight Glasses հետազոտության համաձայն՝ աչքերի գույնը փոխելու վիրահատությունը, որը ներառում է ծիածանաթաղանթի կոսմետիկ իմպլանտներ, պիգմենտի լազերային հեռացում եւ կերատոպիգմենտացիա, գլխավորում է ամենավտանգավոր կոսմետիկ վիրահատությունների տասնյակը։ Պացիենտները վտանգում են կորցնել իրենց տեսողությունը, քանի որ վերականգնման ժամանակը մեկից ութ շաբաթ է, իսկ միջին արժեքը կազմում է 12 000 դոլար, տեղեկացրել է NYP-ը։
Կերատոպիգմենտացիայի դեպքում, որը չի արժանացել ԱՄՆ մթերքների եւ դեղամիջոցների վերահսկման վարչության հավանությանը, լազերն օգտագործվում է եղջերաթաղանթում թունել ստեղծելու համար՝ գունային պիգմենտի փոխարինման նպատակով։
Ֆրանսիական ընկերությունը, որն ուսուցանում է ակնաբույժներին՝ իրականացնելու կերատոպիգմենտացիա, անցած տարի ներկայացրել է կադրեր, որոնցում կինը փոխել է իր մուգ աչքերը վառ կապույտի․ տեսահոլովակը հավաքել է մոտ 30 մլն դիտում TikTok-ում։ Բայց փորձագետները վաղուց նախազգուշացնում են այդ միջամտության բարդությունների մասին, որոնք ներառում են տեսողության կորուստ, կուրություն, գլաուկոմա եւ աչքերի բորբոքում։
Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանի կլինիկական ակնաբուժության պրոֆեսոր, դոկտոր Քոլին Մակքանելը Healthline-ին տեղեկացրել է, որ «վատ գաղափար» է համարում «աչքերի ցանկացած ոչ անհրաժեշտ վիրահատության անցկացումը» բարդությունների վտանգի պատճառով։
Ազդրերի ձգումը երկրորդ տեղում է Overnight Glasses-ի ցուցակում՝ բարդությունների 78 տոկոսանոց հավանականությամբ, ինչպիսին են թրոմբները, վարակները եւ մաշկի զգայունակության փոփոխությունը։
Հայտնիների սիրած՝ հետույքի բրազիլական ձգումը (BBL) երրորդ տեղում է՝ 38 տոկոս վտանգով։ Խնդիրները, որոնք կարող են առաջանալ, ներառում են ճարպաբջիջների թափանցումը արյան հոսք եւ դրանց հայտնվելը թոքերում կամ ուղեղում, վարակները, նյարդերի վնասումը, այտուցներն ու սպիները։
Ահա ամենավտանգավոր կոսմետիկ վիրահատությունների տասնյակն ըստ Overnight Glasses-ի.
Աչքերի գույնի փոփոխության վիրահատություն (ծիածանաթաղանթի կոսմետիկ իմպլանտներ), պիգմենտի լազերային հեռացում, կերատոպիգմենտացիա՝ 92,3 տոկոս բարդություններ
Ազդրերի ձգում՝ 78 տոկոս բարդություններ
Հետույքի բրազիլական ձգում՝ 38 տոկոս բարդություններ
Մարմնի ձգում՝ 42 տոկոս բարդություններ
Ներարկումային հավելուկներ՝ 65 տոկոս բարդություններ
Կրծքի փոքրացում՝ 38 տոկոս բարդություններ
Հետույքի իմպլանտներ՝ 22 տոկոս բարդություններ
Կրծքի մեծացում՝ 14 տոկոս բարդություններ
Ձեռքերի ձգում (բրախիոպլաստիկա)՝ 21 տոկոս բարդություններ
Կրծքի ձգում (մաստոպեկսիա)՝ 10 տոկոս բարդություններ։