22:05 9 սեպտեմբերի, 2024Սեպտեմբերի 14-15-ին «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում (Կասկադում) տեղի կունենա «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը, որի ընթացքում Հայաստանի տարբեր մարզերից ժամանած, Արցախից տեղահանված արհեստագործ վարպետները կներկայացնեն իրենց արտադրանքը եւ ձեռագործ աշխատանքները:
Երկօրյա միջոցառմանը ժամը՝ 12։00-19:00-ն, տեղի կունենա ցուցահանդես եւ վաճառք, որի ընթացքում ոչ միայն կարող եք ձեռք բերել գեղեցիկ իրեր, այլեւ տեղում մասնակցել վարպետաց դասերի եւ զարգացնել ձեր արհեստագործական հմտությունները:
«Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը հարթակ է, որն ուղղված է երկրի գյուղական համայնքների զարգացմանը, ստեղծագործական տարբեր համայնքների միջեւ կապի ամրապնդմանը եւ միեւնույն բնագավառի մարդկանց շփման հնարավորությանն ու հետագա համագործակցությանը:
Միջոցառումն իրականացվում է «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ, «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: