17:24 13 սեպտեմբերի, 2024Կյանքի մեծագույն վերելքների, ամենացավոտ վայրէջքի ու անկոտրուն հոգու, ուժի ու կամքի մասին է Աննա Մաքսիմի «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը՝ առաջին հայկական սպորտային դրաման, որի պրեմիերան կայացավ սեպտեմբերի 12-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ֆիլմը անվանի հայ ծանրորդ, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի եւ սպորտային կարիերայի էկրանավրումն է։
Կարմիր գորգին ֆիլմի գլխավոր դերակատարներն են, որոնք մինչ հայտնի հյուրերին դիմավորելը, լրագրողների հետ կիսվեցին պատասխանատու ու կարեւոր աշխատանքի մասին:
Նազիկ Ավդալյանի մասին ֆիլմեր նախկինում եւս ցանկացել են նկարահանել, սակայն մարզիկն առաջարկները մերժել է. նրա խոսքով՝ Աննայի ֆիլմը գրավել է լրջությամբ:
Ֆիլմում առանցքային դերերով հանդես են եկել Սոս Ջանիբեկյանը, Խորեն Լեւոնյանը, Մկրտիչ Արզումանյանը, Բաբկեն Չոբանյանը, Դավիթ Հակոբյանը, Արտաշես Ալեքսանյանը, Անահիտ Քոչարյանը եւ այլ ճանաչված դերասաններ:
Ռեժիսոր, սցենարիստ եւ գլխավոր դերակատար Աննա Մաքսիմը նշում է՝ դերակատարների ընտրությունը պայմանավորված չի եղել միայն նրանց հայտնիությամբ. սա, պարզապես, մի պատմություն էր, որտեղ ցանկալի էր, որ ըդգրկված լինեին լավագույնները:
Սոս Ջանիբեկյանը, որը ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսուհու ամուսնուն, ասում է՝ նախագիծն իրեն գրավել է կարեւոր ասելիքով ու իրականությանը մոտ լինելով:
Արտաշես Ալեքսանյանին բաժին է ընկել ամենապատասխանատու դերերից մեկը: Նրա հերոսը՝ մարզիչ Արտաշես Ներսիսյանը, Նազիկին ուժ ու ինքնավստահություն էր տալիս ամենածանր ու դժվար պահերին:
«Մեդալի հակառակ կողմը» ցույց է տալիս հաղթանակի դժվար ճանապարհը. այն սկսվում ու ավարտվում է հաղթանակով՝ հանդիսատեսի մոտ առաջացնելով հուզմունքի, ոգեւորության ու հպարտության էմոցիաներ:
Ֆիլմի պրեմիերայի մանրամասները, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը՝ NEWS.am STYLE-ի ռեպորտաժում:
Սյունե Առաքելյան