«Էմանուել» էրոտիկ դրաման վերադառնում է 50 տարի անց. քննադատներն այն անվանում են «մեծ հիասթափություն»

14:25   25 սեպտեմբերի, 2024

«Էմանուել» դասական էրոտիկ դրամայի ռիմեյքը վերադառնում է 50 տարի անց։ Ժամանակին այս ֆիլմը ցնցեց ողջ աշխարհի հանդիսատեսին իր թեժ տեսարաններով, սակայն ինչպես հաղորում է Daily Mail-ը՝ քննադատները նշում են, որ ֆրանսիական ֆիլմի ռիմեյքը մեծ հիասթափություն էր։

Սիլվիա Քրիստելի մասնակցությամբ՝ 1974 թվականի «փափուկ պոռնո» ժանրի կուլտային հիթը պատմում է երիտասարդ ֆրանսուհու էրոտիկ արկածների մասին, ով մեկնում է Թաիլանդ՝ Բանգկոկ, ընդլայնելու իր սեռական կարողությունները:

Ռեժիսոր Ջասթ Ժակինի կողմից նկարահանված ֆիլմը մեծ իրարանցում առաջացրեց, քանի որ միլիոնավոր մարդիկ հավաքվել էին տեսնելու Քրիստելին, ով կիսամերկ պատկերված էր պաստառի վրա՝ կրծքից կախված մարգարիտների շարանով:

Բայց ամենավերջին տարբերակը՝ նկարահանված ռեժիսոր Օդրի Դիվանի կողմից և ֆրանսիացի դերասանուհի Նոեմի Մերլանտի գլխավոր դերակատարմամբ, պատմում է Էմանուելի սեռական արթնության վերաիմաստավորման պատմությունը Հոնկոնգ նրա ճամփորդության ժամանակ:

Սակայն MeToo-ի դարաշրջանում նոր տարբերակը, որի պրեմիերան տեղի ունեցավ Իսպանիայում՝ Սան Սեբաստիանի միջազգային փառատոնի շրջանակում, կարծես թե հեռացել էր կատաղի սեքս-տեսարաններից՝ նպատակ ունենալով հեռացնել կանացի սեքսուալությունն ու հաճույքը տղամարդու հայացքից:

The Times-ին տված հարցազրույցում Դիվանը, քննարկելով ֆիլմում բացահայտ սեռական տեսարանների բացակայությունը, ասել է, որ ֆիլմը «այն մասին է, թե ինչպես ենք մենք դիտում հաճույքը մեր հասարակության մեջ, և ոչ միայն սեռական հաճույքը»: «Եթե մարդիկ ցանկանում են տեսնել սեքսի տեսարաններ, ապա նրանք ունեն ինտերնետ»,-նկատել է նա:

Ֆիլմի մասին ստացվող արձագանքները հանգում են նրան, որ ֆրանսիական էրոտիկ դրամայի երկար սպասված ռիմեյքը «կարելի է հիասթափություն համարել», գրում է Variety-ն։

Պարբերականը նշում է, որ «1974 թվականի ֆիլմից ամենազարմանալի շեղումը սեռական բովանդակության զգալի կրճատումն է»՝ հավելելով, որ «կանացի ցանկության մասին թարմ և նշանակալի բան ասելը, միաժամանակ հարգելով ֆիլմի խղճուկ, թափանցիկ անառակության որոշիչ ոգին, բարդ, գրեթե անիրականանալի խնդիր է»:



© NEWS.am STYLE