«Երազանքների Փառատոն»․ մեկնարկում է «Հայ Ֆեստ» կատարողական արվեստների միջազգային թատերական փառատոնը

15:23   28 սեպտեմբերի, 2024

Հոկտեմբերի 1-8-ը Երևանում կանցկացվի «ՀԱՅ ՖԵՍՏ» 22-րդ կատարողական արվեստների միջազգային թատերական փառատոնը՝ «Երազանքների Փառատոն» խորագրով։ 

Այս տարի մասնակից երկրները 18-են, որոնց թվում են՝ Իտալիան, Ֆրանսիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Գերմանիան, Լեհաստանը, Բելառուսը և այլն։ 

Փառատոնի ծրագրում ընդգրկված են նաև հայկական և իրանական թատրոնների ներկայացումներ։ Փառատոնի ընդհանուր մասնակիցների թիվը 100-ից ավել է, որն իր մեջ ներառում է անվանի հյուրեր, ինչպիսիք են՝ Ռոման Դոլժանսկին, Արթուր Գրիգորյանցը, Տատյանա Բոբրովան, Մարիուս Իվասկևիչուսը։ 

Այս տարի «ՀԱՅ ՖԵՍՏ» -ի շրջանակներում կցուցադրվեն ներկայացումներ՝ Գասպար և Պարողներ թատրոնի «Կոստյում Լինդա» (ԱՄՆ), Գորկի + Մոսկվայի Արվեստի Փառատոնի թատերական նախագծի «Արթնացեք» (Ռուսաստան), Մարկոցի Ժամանակակից Թատրոն «Մսագործը» (Գերմանիա), Կատանարի թատրոն «Տուն-Կղզի» (Չեխիայի Հանրապետություն), բացօթյա ներկայացումներից Էլ՝ Գոմայի  «Ատարի Շոու» (Գերմանիա), ՊՅՈՏԵՐ «Մեղքեր Խժռողը» (Լեհաստան)։

Փառատոնի մեկնարկը կտրվի «էՎենտի Վերտիկալի» թատրոնի (Իտալիա) «Խորանարդ» բացօթյա ներկայացումով։ 

«էՎենտի Վերտիկալի» թատրոնը ստեղծել է իր սեփական տեսողական լեզուն, որը միավորում է թատրոնի տարրերը՝ կրկես, ակրոբատիկա, պար, երաժշտություն և նոր տեխնոլոգիաներ: Թատրոնը օգտագործում է այնպիսի բեմական սարքավորում, որը կախվում է օդում, պահում է բեմի մակերեսը, ողջ լուսավորությունը և կատարողներին:   Կախված եռաչափ բեմ, որտեղ պարողները, լույսերն ու ստվերները միաձուլվում են կառուցվածքի գույների հետ։ Լույսերն ու գույները փոխում են խորանարդի տեսքը՝ համապատասխան դերասանների կատարման, ովքեր շարժվում են խորանարդի ներսում և դրսում։ Բեմադրիչ՝ Անդրեա Պիալինի:      
«ՀԱՅ ՖԵՍՏ» 22-րդ կատարողական արվեստների միջազգային թատերական փառատոնը կանցկացվի ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։  



© NEWS.am STYLE