14:05 29 սեպտեմբերի, 2024«Ինձ միշտ հրապուրել է Էլիզաբեթ Թեյլորը»,-ասում է Քիմ Քարդաշյանը։ Նա վերջինն է, ում Թեյլորը հարցազրույց է տվել 2011թ-ին՝ մահվանից առաջ։
«Մենք պետք է հանդիպեինք թեյի սեղանի շուրջ նրա տանը, բայց հետո նա հիվանդացավ»,-հիշում է Քարդաշյանը։ Դրա փոխարեն նրանք պայմանավորվել են խոսել հեռախոսով։ Քիմը հիշում է, որ իրեն ցնցել է կյանքի հանդեպ Թեյլորի ունեցած մոտեցումը։ «Նա իր ուժով հակասում էր իր գեղեցկությանը»։
Թեյլորի կյանքը՝ «Օսկարի» մրցանակից մինչեւ յոթ ամուսինները, դիտարկվում է BBC-ի «Էլիզաբեթ Թեյլոր. խռովարար սուպերաստղը» նոր վավերագրական սերիալում։
Քարդաշյանը հանդես է գալիս որպես սերիալի գործադիր պրոդյուսեր եւ բացատրում է, թե ինչպես է կինոաստղը ոգեշնչել իրեն։ «Այնքան շատ երիտասարդներ կան, որոնց կուզենայի հիշեցնել կամ անգամ սովորեցնել, թե ով է նա»,- ասում է Քիմը։ Քարդաշյանը ցանկանում է «ապահովել» Թեյլորի ժառանգության շարունակումը։
«Նա շատ անկեղծ էր իր անձնական կյանքում, եւ նա, հավանաբար, սիրահարվում էր եւ բաժանվում»,-նշում է Քարդաշյանը՝ ավելացնելով, որ «նա սիրում էր սերը»։
Թեյլորի ութ ամուսնությունները (նա երկու անգամ ամուսնացել է դերասան Ռիչարդ Բարթոնի հետ) լայնորեն լուսաբանվել են մամուլում։ Իսկ 1980-ականներին աստղը շարունակել է օգտագործել իր ազդեցությունը հօգուտ ՁԻԱՀ-ով հիվանդների աջակցության։
«Ինձ հիրավի հուզեց այն, թե ինչպես էր նա պայքարում այն մարդկանց համար, ովքեր ձայն չունեին, եւ ինչպես էր նա տարված դրանով»,-ասում է Քարդաշյանը։
1985 թ-ին Թեյլորը օգնել է հիմնել ՁԻԱՀ ուսումնասիրման ամերիկյան հիմնադրամը (amfAR) այդ հիվանդությունից իր մերձավոր ընկեր Ռոք Հադսոնի մահանալուց մեկ ամիս առաջ։
Քիմի խոսքով՝ Թեյլորը այն մարդն էր, որին կարելի էր «որպես կողմնորոշիչ ընտրել», երբ սկսում էր պաշտպանել իր բանտային ռեֆորմը։ «Ես գիտեմ, որ երբ ես աշխատում եմ բանտային համակարգի ռեֆորմի վրա, մարդիկ մտածում են, որ դա չափից ավելին է, գուցե խելահեղ թեմա, որպեսզի իսկապես խառնվես դրան»։
Քարդաշյանը նաեւ հիշում է, թե ինչպես է Թեյլորը իրեն իր White Diamonds ֆիրմային օծանելիքի սրվակը նվիրել։ «Դա միշտ թանկ կլինի ինձ համար»,- ասում է նա։ «Ես պարզապես շատ եմ ցանկանում, որ մարդիկ հասկանան, որ նա ամեն ինչ էր. նա կարող էր լինել գլամուրային դերասանուհի, նա կարող էր դժվարություններ եւ առողջական խնդիրներ ունենալ, եւ կարող էր լինել ամենաուժեղ ակտիվիստը»։