Թեփի դեմ պայքարելու հինգ միջոց

17:13   18 նոյեմբերի, 2012

Թեփ… Որքա՜ն հաճախ է այն թունավորում մեր կյանքը: Այդ «սպիտակ փորձանքի» դեմն առնելու համար մարդիկ տարատեսակ միջոցների են դիմում: Բայց, ցավոք, ոչ բոլորին է հաջողվում վերացնել այն: Այդ հիվանդության դեմ պայքարելու իր փոքրիկ գաղտնիքները NEWS.am STYLE-ի թղթակցին բացեց «Մանյա» գեղեցկության սրահի վարսահարդար Լուսինե Ասատրյանը:

«Թեփը կարող է առաջանալ մազերի սխալ խնամքի հետեւանքով, կարող է առաջանալ գլուխը տաք ջրով հաճախ լվանալուց, ինչպես նաեւ սխալ ընտրած շամպույնից: Պատահում է, որ թեփի պատճառ են դառնում օրգանիզմում խախտումները: Օրինակ` միանգամայն հավանական է, որ թեփ կառաջանա ալերգիկ մարկանց մոտ: Թեփոտվելու մեծ վտանգի են ենթարկված ներկած եւ գունազրկած մազերով մարդիկ:

Այս խնդիրներից խուսափելու համար, խորհուրդ եմ տալիս օգտագործել հակաթեփային հինգ հատուկ դիմակ.

Մեկ լիտր ջրին ավելացրեք երեք ճաշի գդալ խնձորի քացախ: Լցրեք այն մաքուր մազերի վրա, մի քիչ սպասելուց հետո լվացեք:

Մաքուր մազերի արմատներին լցրեք մանր սննդի աղ, եւ շրջանաձեւ շարժումներով մերսեք գլխի մաշկը: Պահեք 5-10 րոպե, ապա լվացեք տաք ջրով:

Մեկ տուփ մայոնեզին խառնեք մեկ ձվի դեղնուց, քսեք մաքուր մազերի արմատներին եւ պահեք մեկ ժամ:

Վերցրեք հինգ կոճակ նիստանին, լուծեք այն քիչ քանակությամբ ջրում: Ստացված խառնուրդն ավելացրեք շամպույնին, լավ թափահարելուց հետո դրանով լվացեք մազերը:

Մեկ սրվակ գերչակի յուղը խառնեք «Աեվիտ» կիսավիտամինային կոմպլեքսի հետ: Քսեք մաքուր մազերի արմատներին եւ պահեք երկու ժամ: Կարող եք կրկնել շաբաթական երկու անգամ»: 

Գրի առավ՝ Լաուրա Բալայանը:



© NEWS.am STYLE