01:35 5 հոկտեմբերի, 2024Ամերիկացի հայտնի երգիչ, երգահան, պարող Ջեյսոն Դերուլոն առաջին անգամ համերգով հանդես եկավ Հայաստանում: Երգչի համերգը, որը կազմակերվել էր WCIT2024/Digitec-ի բացման արարողության առթիվ, տեղի ունեցավ հոկտեմբերի 4-ին՝ Հանրապետության հրապարակում: Մուտքն ազատ էր, իսկ երկրի գլխավոր հրապարակը լի երգչին անհամբեր սպասող աչքերով: Մինչ Դերուլոն բեմ կբարձրանար, հավաքվածներին զգացմունքային մեղեդիներ պարգեւեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:
Посмотреть эту публикацию в Instagram
Դերուլոն Երեւանում ներկայացրեց իր բոլոր հիթերը՝ կենդանի կատարմամբ ու թեժ պարերով: Նա խոստովանեց, որ Հայաստանում ելույթ ունենալը եւս մեկ երազանքի իրականացում էր եւ հավելեց՝ «չեմ համբերում, թե երբ եմ վերադառնալու»: Վերջում երգիչը հայ հանդիսատեսին հորդորեց երբեք չհրաժարվել երազանքներից:
«Այն, ինչի մասին երազում եք, պիտի լինի ձերը, ու կլինի, եթե գնաք դրա հետեւից: Կարեւոր չէ, թե քանի անգամ են ձեզ ասել «ոչ», քանի անգամ են ասել, թե ձեր երազանքն անհնարին է… Ամեն նոր օրը նոր սկիզբ է, նոր հնարավորություն: Մի մտածեք երեկվա մասին, մի մտածեք, թե ինչպես եք ձախողել: Ես հավատում եմ ձեզ, ուրեմն՝ դուք էլ պետք է հավատաք: Սիրում եմ ձեզ, Աստված ձեզ պահապան»,-նշեց նա:
Ջեյսոնն իր ելույթի վերջում իջավ բեմից՝ հայտնվելով ամբոխի մեջ՝ էլ ավելի թեժացնելով տրամադրությունն ու արժանանալով բուռն ծափահարությունների:
Սյունե Առաքելյան