17:04 5 հոկտեմբերի, 2024Հոկտեմբերի 4-ին «Կինոմոսկվայում» տեղի ունեցավ «Yerevanilla.am» ֆիլմի պրեմիերան, որը իրադարձություն դարձավ բոլոր նրանց համար, ովքեր սիրում են Երեւանը եւ ցանկանում այն տեսնել նոր ու անսպասելի կողմից։ Սա պարզապես ֆիլմ չէ, այն հինգ պատմվածքների ժողովածու է, որոնցից յուրաքանչյուրը բացահայտում է Երեւանն այնպես, ինչպես այն հազվադեպ է ցուցադրվում: Նախագիծը ստեղծվել է քաղաքապետարանի նախաձեռնությամբ, իսկ պրոդյուսերը Էդգար Բաղդասարյանն է, ով ի սկզբանե ձգտում էր ցույց տալ ոչ թե քաղաքի գլամուրային, գովազդային կերպարը, այլ բնակիչների իրական կյանքը, այդ թվում՝ դրսում ապրողներինը։

«Մենք 30 տարի վատնել ենք կրթությունը եւ մոռացել ենք կարեւոր բաների մասին։ Բայց ես ուզում եմ, որ հանդիսատեսը տեսնի այլ Երեւան՝ այն քաղաքը, որտեղ կա 9-րդ զանգվածը եւ մեր մյուս ծայրամասերը։ Երեւանը միայն Հյուսիսային պողոտան կամ Կասկադը չէ, այն մարդիկ են ու նրանց կյանքը։ Ես պնդեցի, որ ֆիլմում լինեն մեր մոռացված տարածքների, մարդկանց թեման, եւ, իմ կարծիքով, այն արժանապատվորեն ներկայացվեց»,-ասաց Բաղդասարյանը։

Ֆիլմը բաղկացած է հինգ կարճամետրաժ մասերից, որոնցից յուրաքանչյուրը բացահայտում է երեւանյան կյանքի որոշակի դիմագիծը՝ «Վերելակ», «Երթեւեկություն», «Հեղափոխության պատկերը», «Մեր քաղաքի տոնը», «Թավջութակ»։ Վերջինը ամենահուզիչ պատմությունն է, որը մինչեւ արցունքներ հուզեց հանդիսատեսի սրտերը։ Այս ֆիլմը պատմում է արցախցի մի ընտանիքի մասին, ով կորցրել է իր տունը, ընտանիքի գլուխը եւ նոր կյանքի հույսը՝ հարկադրված Երեւան տեղափոխվելուց հետո։ Թեեւ ֆիլմի ավարտը լույսի շող է տալիս՝ հույս թողնելով ավելի լավ ապագայի համար, դառնության եւ կորստի զգացումը մնում է յուրաքանչյուր դիտողի մոտ:

Վերջին ֆիլմը հատկապես տպավորել է պրեմիերայի հյուրերին։ Այն թողեց դառը համ, որը դիտողներից մեկի կարծիքով «ցավալի էր կուլ տալը»: «Կարծում եմ՝ բոլորը պետք է դիտեն այս նկարը, քանի որ սա մենք ենք, սա մեր պատմությունն է այստեղ և հիմա: Սա այն չէ, ինչ ցուցադրվում է ինտերնետով կամ հեռուստատեսությամբ, սա այն իրականությունն է, որում մենք ապրում ենք»,- կիսվել է հյուրերից մեկը։
Ֆիլմի դերասանական կազմը նույնպես տպավորիչ է՝ Նատալյա Եփրիկյանը, Արուսիկ Տիգրանյանը, Արամ Կարախանյանը, Արթուր Մանուկյանը, Անդրանիկ Աբրահամյանը եւ այլք իրենց հոգիներն են բերել այս նախագծին՝ յուրաքանչյուր պատմություն դարձնելով կենդանի և իրական։

«Խնդիրը մեր թշնամիները չեն, որոնք ինչ-որ տեղ հեռու են, ոչ մեր առջեւում են, ոչ մեր հետեւում։ Ամեն ինչ տեղի է ունենում մեր ներսում: Իսկ թշնամիներ ու մրցակիցներ պետք է փնտրել քո ներսում, այլ ոչ թե ուրիշ տեղ: Սա վերաբերում է ինչպես անհատներին, այնպես էլ հասարակությանը որպես ամբողջություն: Մենք պետք է շարժվենք այս ուղղությամբ։ Պետք է ստեղծագործել, գործել, այլ ոչ թե նստել ու սպասել: Մեր կարգապահությունն ու ինքնավստահությունը մեր հիմնական գործիքներն են: Հիմնական խնդիրները ոչ թե հեռու են, այլ մեր ներսում՝ թե՛ անհատի, թե՛ հասարակության մակարդակով»,-ասաց ռեժիսորներից Սերժ Գաբյանը։

Այս ֆիլմերը ստիպում են մտածել, ստիպում են տեսնել քաղաքը այնպես, ինչպես տեսնում են սովորական բնակիչները: «Ոմանք այս ֆիլմերը կընդունեն որպես վիրավորանք,-ասաց հանդիսատեսից մեկը,- բայց մենք պետք է ճանաչենք մեր թերությունները, տեսնենք մեր սխալները, քանի որ մենք կառուցում ենք ապագա, որտեղ պետք է ապրեն մեր երեխաներն ու թոռները»:


«Yerevanilla.am»-ն արդեն դարձել է իրադարձություն՝ ունենալով հատուկ ցուցադրություն «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում, եւ խոստանում է հուզել հեռուստադիտողի հոգին իր ազնվությամբ ու խորությամբ: