17:30 15 հոկտեմբերի, 2024Ամեն տարի «ՌեԱ» անիմացիայի եւ կերպարվեստի միջազգային փառատոնը նոր հնարավորություններ է բացում հայկական անիմացիայի առաջ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց փառատոնի հիմնադիր եւ տնօրեն Վրեժ Քասունին։
Հոկտեմբերի 20-ից 26-ը Երեւանում կանցկացվի «ReA» անիմացիայի եւ կերպարվեստի 16-րդ միջազգային փառատոնը։
Քասունիի խոսքով, չնայած համաճարակին եւ վերջին տարիների դժվարություններին, փառատոնը շարունակում է աճել։ Այս տարի փառատոնին կներկայացվի միայն երեք հայկական ֆիլմ, մինչդեռ նախկինում 7-ն էր, ինչը, ըստ Քասունու, վկայում է ժամանակավոր անկման մասին։ Սակայն նա վստահություն հայտնեց, որ իրավիճակը դեպի լավը կփոխվի.
«Մեր երիտասարդության մեջ մենք մեծ ներուժ ենք տեսնում։ Նրանց գաղափարներն ու էներգիան արժանի են աջակցության, եւ ReA փառատոնը իդեալական հարթակ է նրանց զարգանալու հնարավորություն տալու համար։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է փառատոնը տարեցտարի ավելի ու ավելի նշանակալից դառնում, և սա յուրաքանչյուրի վաստակն է, ով նպաստում է դրա զարգացմանը»։ Քասունին նշեց նաեւ, որ փառատոնի կարեւոր մասն է կազմում միջազգային համագործակցությունը, որը նոր հորիզոններ է բացում հայ անիմատորների համար։ Սա հնարավորություն է տալիս ոչ միայն փորձի փոխանակման, այլեւ միջազգային գործընկերների հետ երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների ձեւավորման։
Երեւանի քաղաքապետարանի մշակույթի եւ զբոսաշրջության վարչության տնօրեն Գեւորգ Սահակյանը հաստատեց մշակութային միջոցառումների կարեւորությունը մայրաքաղաքի եւ երկրի համար։ Նա ընդգծեց, որ նման փառատոնները ոչ միայն նպաստում են մշակութային փոխանակմանը, այլեւ զբոսաշրջիկներին գրավում են դեպի Երեւան՝ քաղաքը դարձնելով միջազգային իրադարձությունների կենտրոն։ «Փառատոնը պարզապես ժամանց չէ, այն զբոսաշրջիկներին գրավելու եւ Երեւանի ու Հայաստանի մշակույթին ծանոթացնելու միջոց է։ Մենք հպարտ ենք աջակցելու նման նախաձեռնություններին, որոնք նպաստում են քաղաքի զարգացմանը՝ որպես մշակութային կենտրոնի»,-հավելեց Սահակյանը։ Նա նաեւ ընդգծեց, որ Երեւանի քաղաքապետարանը երկար տարիներ աջակցել է ReA փառատոնին եւ կշարունակի աջակցել, քանի որ դրանում կարեւոր ներդրում է տեսնում քաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում։
Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի փոխտնօրեն եւ Ֆրանսիայի դեսպանատան մշակութային կցորդ Դավիթ Թուղեսի խոսքով, Ֆրանսիայի մասնակցությունը փառատոնին շարունակվում եւ ամրապնդվում է։ Նա նշեց, որ փառատոնը կարեւոր հարթակ է, քանի որ նախ հնարավորություն է տալիս Հայաստանում ներկայացնել ֆրանսիական անիմացիան, երկրորդ՝ նպաստում է հետադարձ կապերի զարգացմանը՝ ֆրանսիացի հանդիսատեսին հնարավորություն տալով ծանոթանալ հայկական կինոյին։ Դա, նրա կարծիքով, օգնում է ընդլայնել մշակութային փոխանակումները եւ ամրապնդել կապերը միջազգային գործընկերների հետ։
Նշվեց նաեւ այս տարվա առանցքային նախագծերից մեկը՝ ֆրանսիացի ռեժիսորի կողմից հայկական թիմի մասնակցությամբ նկարահանված «Հոսք» ֆիլմը։ Այս ֆիլմն արդեն ներկայացվել է Կաննի կինոփառատոնին, եւ նրանք հպարտանում են դրա հաջողությամբ։ Նա ընդգծեց զգալի ձեռքբերումները անիմացիայի ոլորտում՝ նշելով, որ Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ տեխնոլոգիաների եւ փորձի փոխանակումը նպաստում է Հայաստանում անիմացիոն ֆիլմերի հետագա զարգացմանը։ Նրա խոսքով, Ֆրանսիան երկար տարիներ ակտիվ գործընկեր է Հայաստանում անիմացիայի զարգացման գործում, եւ երկու երկրների միջեւ համագործակցությունն ապագայում միայն կամրապնդվի։
Ասուլիսում խոսեց նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի քարտուղար Անահիտ Ազատյանը, ով ընդգծեց, որ ԵՄ-ն մեծ ներուժ է տեսնում Հայաստանի հետ մշակութային փոխանակման մեջ և ակտիվորեն աջակցում է այնպիսի նախագծերի, ինչպիսին է ReA փառատոնը։ «Եվրամիությունը հսկայական ներուժ է տեսնում մեր երկրների միջև մշակութային կապերի զարգացման մեջ, եւ ReA փառատոնն այն հարթակներից է, որտեղ այդ փոխանակումն իրականություն է դառնում»,- նշեց Ազատյանը։ Նա նաեւ հավելեց, որ փառատոնի շրջանակում կկազմակերպվեն հանդիպումներ միջազգային փորձագետների հետ, ինչը կարեւոր քայլ կլինի Հայաստանում անիմացիոն ոլորտի հետագա զարգացման համար։
«Օ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատրյանը շեշտը երիտասարդ տաղանդներին աջակցելու կարեւորությունը, ինչն առաջնահերթություն է նրանց հիմնադրամի համար: Նա ընդգծեց, որ հիմնադրամը շարունակում է ներդրումներ կատարել երիտասարդ անիմատորների կրթությանն ու վերապատրաստմանը միտված նախագծերում։ «Մեր հիմնադրամը հավատում է անիմացիոն ոլորտի մասնագետների հաջորդ սերնդին կրթելու կարեւորությանը: Նրանք կլինեն ոլորտի ապագան, իսկ ReA փառատոնը հիանալի հնարավորություն է ընձեռում նրանց զարգացման եւ միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակման համար»։
Երիտասարդ անիմատորներն ու պրոդյուսերները հնարավորություն կունենան իրենց նախագծերը ներկայացնել միջազգային հարթակում, ինչպես նաեւ գործարար կապեր հաստատել օտարերկրյա գործընկերների հետ։ Ինչպես նշեց Վրեժ Քասունին, սա կարեւոր քայլ է միջազգային ասպարեզում հայկական անիմացիայի ամրապնդման ուղղությամբ։ «Մեր ֆիլմերը մեծ ներուժ ունեն։ Բայց որպեսզի այդ ներուժն իրացվի, անհրաժեշտ են ռեսուրսներ եւ աջակցություն։ Մենք շարունակելու ենք հնարավորություններ ստեղծել հայ անիմատորների համար, որպեսզի նրանք կարողանան հասնել միջազգային մակարդակի»,-հավելեց Քասունին:
ReA 16-րդ փառատոնը կլինի ոչ միայն լավագույն անիմացիոն ֆիլմերի ցուցադրման վայր, այլեւ հարթակ մասնագիտական աճի եւ մշակութային փոխանակման համար: