19:42 20 հոկտեմբերի, 2024Երբ խոսքն առողջ, փայլող մաշկի եւ ծերացման դեմ պայքարի մասին է, շատ կոսմետոլոգներ եւ մաշկաբաններ խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել այնպիսի բաղադրիչների, ինչպիսին են ռետինոլը եւ ռետինոիդները։ Այդ միջոցները համարվում են մաշկի խնամիքի ոսկե ստանդարտ, բայց դրանց միջեւ էական տարբերություններ կան կիրառման ձեւերի եւ արդյունքի հարցում։ Կոսմետոլոգ Արմինե Աղաջանյանն օգտակար խորհուրդներ է տալիս, թե ինչպես ճիշտ ներառել ռետինոլը եւ ռետինոիդները խնամքի մեջ, որպեսզի մաշկը երիտասարդ, առողջ եւ թարմ երեւա։
Ինչո՞վ են տարբերվում ռետինոլն ու ռետինոիդները
Չնայած թե՛ ռետինոլը, թե՛ ռետինոիդները վիտամին А-ի ածանցյալներն են, դրանց ֆունկցիան եւ ազդեցությունը մաշկի վրա տարբեր են։
Ռետինոլը ճարպալույծ վիտամին է, որը գործում է մաշկի մակերեսին՝ աստիճանաբար վերափոխվելով ռետինաթթվի։ Հենց ռետինաթթուն է խթանում կոլագենի արտադրությունը, հարթում մանր կնճիռերը եւ օգնում հավասարեցնել մաշկը։ Ռետինոլով միջոցները հաճախ օգտագործվում են ծերացման առաջին նշանների դեմ պայքարում եւ մաշկի ընդհանուր վիճակը բարելավելու համար։
Ռետինոիդները վիտամին А-ի ավելի ուժեղ ածանցյալներն են, որոնք ավելի խորն են թափանցում մաշկի մեջ եւ ավելի արագ ու ինտենսիվ են գործում։ Դրանք կարող են ազդել լայնացած ծակոտիների, պիգմենտացիայի վրա, ինչպես նաեւ արդյունավետորեն պայքարել ակնեի եւ սեւ կետերի դեմ։ Բայց ռետինոիդները ավելի լուրջ մոտեցում են պահանջում եւ հաճախ նշանակվում են մաշկաբանի կողմից։
Ինչպե՞ս ճիշտ օգտագործել ռետինոլը
Ռետինոլը հզոր միջոց է, որը պահանջում է գրագետ եւ զգուշ օգտագործում, որպեսզի տեղի չունենան բորբոքումներ կամ այրվածքներ։ Արմինեն ռետինոլի օգտագործման մի քանի խորհուրդներ է տալիս.
- Սկսեք ցածր խտություններից։ Նրանք, ովքեր առաջին անգամ են ծանոթանում ռետինոլի հետ, ավելի լավ է, որ սկսեն նվազագույն՝ 0,25-03 տոկոսից։ «Դա կօգնի մաշկին աստիճանաբար վարժվել ակտիվ նյութին եւ խուսափել գրգռումներից»,-ասում է նա։
- Օգտագործեք մաքուր, չոր մաշկին։ Ռետինոլը խոնավ մաշկին քսել խորհուրդ չի տրվում, դա կարող է ուժեղացնել ազդեցությունը եւ գրգռում առաջացնել։ Միջոցը քսելուց առաջ անպայման մաշկը պետք է չոր լինի։
- Քսեք երեկոյան։ Ռետինոլն ավելի լավ է ազդում գիշերը, քանի որ մաշկն այդ ժամանակ վերականգնվում է։ «Կիրառեք ռետինոլը երեկոյան, մաքրելուց հետո, եւ անպայման լվացեք առավոտյան փափուկ մաքրող միջոցի օգնությամբ»,- ավելացնում է Արմինեն։
- Մաշկը պաշտպանեք SPF-ով։ Առավոտյան ռետինոլի օգտագործումից հետո քսեք 50-ից ոչ պակաս SPF։ Ռետինոլը մաշկն ավելի զգայուն է դարձնում արեւի հանդեպ, եւ առանց ուլտրամանուշակագույնից պաշտպանության կա պիգմենտներ կամ այրվածք ստանալու վտանգ։
- Լսեք ձեր մաշկին։ Եթե ռետինոլի օգտագործումից հետո այրոց կամ գորգռում զգաք, ավելի լավ է լվացեք դեմքը 15 րոպե հետո եւ հանգստացնող միջոց քսեք, օրինակ՝ պանտենոլ։ Աստիճանաբար ավելացրեք օգտագործման հաճախակիությունը, սզկբում՝ շաբաթը 2-3 անգամ, հետո՝ օրը մեկ, իսկ լավ արդյունքի դեպքում կարելի է օգտագործել ամեն օր։
Ինչպե՞ս ճիշտ օգտագործել ռետինոիդները
Ռետինոիդները ավելի ուժեղ միջոցներ են, եւ դրանց օգտագործումը պահանջում է հատուկ ուշադրություն եւ պատրաստություն։ Արմինեն ընդգծում է, որ ռետինոիդների օգտագործումից առաջ անհրաժեշտ է խորհրդակցել մաշկաբանի հետ՝ տհաճ հետեւանքներից խուսափելու եւ մաշկի խնամքը ճիշտ կազմակերպելու համար։
- Ռետինոիդները համբերություն են պահանջում։ Ռետինոիդներով բուժումը կարող է վեց ամսից մեկ տարի տեւել։ Այդ միջոցն ազդում է մաշկի ավելի խոր շերտերի վրա, եւ արդյունքը ակնթարթային չի լինելու, բայց կանոնների եւ կարգի պահպանման դեպքում դուք հիանալի արդյունք կստանաք։
- Անհրաժեշտ է դիետա եւ հիգիենա։ Ռետինոիդների կուրսի ժամանակ կարեւոր է հետեւել մաշկի առողջությանը, խուսափել յուղալի սննդից եւ մաքուր պահել ձեռքերն ու դեմքը։
- Հակացուցումներ. ռետինոիդները չի կարելի օգտագործել հղիներին եւ կերակրող մայրերին, ուռոցքաբանական հիվանդություններ ունեցողներին, ինչպես նաեւ ուժեղ ալերգիայի դեպքում, եւ երբ մաշկը խիստ զգայուն է։
Ե՞րբ սկսել օգտագործել ռետինոլ եւ ռետինոիդներ
Արմինեն խորհուրդ է տալիս ռետինոլի օգտագործումն սկսել 30 տարեկանից հետո, երբ ի հայտ են գալիս մաշկի ծերացման առաջին նշանները, ինչպիսին են մանր կնճիռները, պիգմենտացիան եւ առաձգականության կորուստը։ Դեռահաս տարիքում ռետինոլը կարող է կիրառվել ակնեի դեպքում, բայց միայն ցածր խտություններով եւ մասնագետի հսկողությամբ։
Ռետինոիդները ավելի լավ է օգտագործել բժշկի նշանակմամբ եւ միայն այն դեպքերում, երբ անհրաժեշտ է խոր կորեկցիա, օրինակ՝ ակնեի վառ արտահայտված նշանների, պիգմենտացիայի կամ լուրջ տարիքային փոփոխությունների դեպքում։
Բացի մաշկի խնամքի միջոցներից, վիտամին А-ն (ռետինոլ) կարելի է գտնել տարբեր մթերքներում։ Դրանք են բանջարեղենները եւ մրգերը, ինչպիսին են դդումը, գազարը, բրոկոլին, խուրման, դեղձը, ինչպես նաեւ լյարդը, ձուն, կարագը եւ կաթնաշոռը։ Այս մթերքների ներառումը սննդաբաժնում նպաստում է մաշկի առողջության պահպանմանը։
Ռետինոլը եւ ռետինոիդները հզոր օգնականներ են մաշկի երիտասարդության եւ գեղեցկության համար պայքարում։ Բայց որպեսզի դրանք օգուտ բերեն, կարեւոր է ճիշտ օգտագործել դրանք՝ հետեւելով բոլոր խորհուրդներին եւ ուշադիր լսելով ձեր մաշկին։ Մի մոռացեք պաշտպանել մաշկը արեւից, սկսել ցածր խտություններից եւ աստիճանաբար ավելացնել խնամքի միջոցները։ Եթե դուք ցանկանում եք հասնել առավելագույն արդյունքի, ռետինոիդներն ավելի լավ է օգտագործեք մասնագետի հսկողությամբ։
Սկսեք հոգալ ձեր մաշկի մասին այսօր, եւ այն ձեզ երախտապարտ կլինի առողջությամբ, փայլով եւ երիտասարդությամբ։