«Ռոմանտիկներ» հայկական ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա Գոթեբորգի միջազգային կինոփառատոնում

15:32   20 հունվարի, 2014

«Այսօր-Պլյուս» ֆիլմարտադրող ընկերության «Ռոմանտիկները» գեղարվեստական նոր ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա հունվարի 26-ին, Գոթեբորգի միջազգային կինոփառատոնում։


Սա երիտասարդ ռեժիսորներ Արեգ Ազատյանի ու Շողիկ Թադեւոսյանի առաջին համատեղ աշխատանքն է։  

Գոթեբորգի միջազգային կինոփառատոնն անցկացվում է 37-րդ անգամ, այն համարվում է Եվրոպայի խոշորագույն կինոփառատոներից մեկը, որի շրջանակում ցուցադրվում են աշխարհի ամենահեղինակավոր ռեժիսորների շուրջ 500 ֆիլմեր։

«Ռոմանտիկները» ժապավենը ստեղծվել է «Այսօր-Պլյուս» ֆիլմարտադրող ընկերության, Հայաստանի Ազգային կինոկենտրոնի, Գոթենբորգի կինոհիմնադրամի, Արեւելաեվրոպական կինոալիանսի, ԷԱՎԻ-ի եւ այլ ընկերությունների աջակցությամբ։

Գլխավոր դերերում ճանաչված դերասաններ Նարեկ Ներսիսյանն ու Նարեկ Քթոյանն են, ինչպես նաեւ Կարեն Խոսրովյանը, Դեւիդ Ֆրանցրեբը, Ռոբերտ Դանիելյանը, Հակոբ Մանուկյանը, Արթուր Ղալումյանը եւ Րաֆֆի Էլլիոթը։

Պատմությունը երիտասարդ դերասանի մասին է, ով պատրաստվում է մեկնել ԱՄՆ եւ իր մտերիմ ընկերների հետ հրաժեշտի խնջույք է կազմակերպում, սակայն չնախատեսված եւ անհեթեթ դեպքերի շղթան բերում է ողբերգության։

Միջազգային ցուցադրություններից բացի, ֆիլմն առաջիկայում կներկայացվի նաեւ Երեւանի կինոթատրոններում։



© NEWS.am STYLE