20:15 26 հոկտեմբերի, 2024Ֆրեդերիք Վինելը, ով հեռուստատեսության ոլորտում ավելի քան 20 տարվա փորձ ունի, իսկ 2018 թվականից կենտրոնացած է երիտասարդ մասնագետների անիմացիոն գաղափարների զարգացման գործում, օրերս ReA անիմացիոն ֆիլմերի փառատոնի շրջանակում Երեւանում էր։ Անիմացիոն ֆիլմերի բիզնեսի զագացմամբ զբաղվող պրոդյուսերն այստեղ հանդիպել է մի քանի հայ մասնագետների եւ դիտել նրանց արտադրանքը։ Փարիզից ժամանած մասնագետն ասում է, որ տպավորված է Երեւանով, եւ այն շատ ոգեշնչող է համարում: Նա նաեւ հիացած է այն նախագծերով, որոնք հասցրել է դիտել այստեղ։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Վինելը խոսել է Հայաստան կատարած իր առաջին այցի եւ անիմացիայի գունեղ աշխարհի մասին, որը գրավել է իրեն մանկուց։
Տիկին Վինել, Երեւանում հանդիպել եք մի քանի հայ պրոդյուսերների։ Ի՞նչ տպավորություններ ունեք ընդհանուր առմամբ:
Ընդհանուր առմամբ, ես տեսել եմ մոտ 20 հայկական նախագիծ, մեծամասնությունը այլ երկրների հետ համատեղ արտադրություններ էին, եւ շատ ոգեւորված եմ: Անիմացիոն տեխնիկայի, տեւողության, թիրախային լսարանի առումով շատ տարբեր նախագծեր դիտեցինք: Այդ ամենը շատ կրեատիվ եւ պրոֆեսիոնալ էր: Շատերը ներկայացնում էին ձեր ազգային պատմությունը, մենք լսեցինք շատ հուզիչ պատմություններ եւ անցյալի մասին հիշատակումներ, որոնք բավականին հուզիչ էին: Հուսով եմ՝ հայ արտադրողների հետ հանդիպելու ավելի շատ հնարավորություններ կլինեն։
Ո՞րն էր Ձեր առաջին տպավորությունը Երեւանի մասին։
Առաջին անգամ եմ այստեղ, եւ ինձ դուր է եկել Երեւանով զբոսնելը։ Իմ առաջին տպավորությունը քաղաքի մասին «wow»-ն էր: Նախ, մեր բախտը բերել է եղանակի առումով: Այստեղ լույսը շատ ապշեցուցիչ է։ Մարդիկ շատ ընկերասեր են, այստեղ շատ անվտանգ է: Գիշերը միայնակ քայլում էի փողոցով եւ ինձ բավական հարմարավետ էի զգում. շուրջս երաժշտություն էր հնչում, մարդիկ պարում էին փողոցներում: Ինձ դա շատ դուր եկավ: Այստեղ անչափ գեղեցիկ է, եւ ես կցանկանայի եւս մեկ անգամ գալ ընտանիքիս հետ ու ավելի շատ ժամանակ անցկացնել Երեւանում, տեսնել նաեւ երկրի մնացած մասը: Ես Կասկադի գագաթից նայում էի Արարատին. անչափ գեղեցիկ տեսարան էր։
Հնարավորություն ունեցաք հանդիպելու նաեւ անիմացիոն պատմություններով հետաքրքրվող հայ երիտասարդներին։ Ո՞րն է Ձեր հիմնական խորհուրդը նրանց, ովքեր հետաքրքրված են մուլտֆիլմեր ստեղծելով: Ո՞րը պետք է լինի նրանց առաջին քայլը:
Մի հանձնվեք: Երբ գնում եք ներդրողների մոտ, իսկ նրանք ասում են՝ «Սա այն չէ», կամ՝ «Ինձ դուր է գալիս, բայց իմը չէ»… Երբեք մի հանձնվեք:
Դուք Ձեր կարիերան սկսել եք ավելի քան 20 տարի առաջ, բայց սկզբում՝ հեռուստատեսության ոլորտում: Ինչպե՞ս անիմացիոն աշխարհը գրավեց Ձեզ:
Անկեղծ ասած, այն միշտ ինձ հետ է եղել: Մանուկ հասակում շատ կոմիքսներ էի կարդում եւ սիրում էի անիմացիոն ֆիլմեր դիտել, երիտասարդության տարիներին էլ հետաքրրությունս չմարեց: Ես շատ անիմացիոն ֆիլմեր էի դիտում կինոթատրոններում եւ զգում էի, որ ուզում էի աշխատել մի ոլորտում, որը կապված կլիներ պատկերների հետ, եւ դա այն է, ինչ ես արել եմ: Այսպիսով, ես սկսեցի հեռուստատեսությամբ, իսկ հետո, երբ բացահայտեցի անիմացիան եւ անիմացիոն բիզնեսը, իհարկե, դա դրվեց առաջին պլանում, քանի որ ես վերապրեցի իմ մանկությունը…
Որոշ մարդիկ կարծում են, որ մուլտֆիլմերը ստեղծվում են հիմնականում երեխաների համար: Սա կարծրատի՞պ է:
Իհարկե: Երբ մասնակցում ես մեծ փառատոնների, դրանք ունենում են դրամաներ, կատակերգություններ, իսկ անիմացիան ներկայացվում է, որպես առանձին ժանր: Անիմացիան եւս կարող է դրամա կամ կատակերգություն լինել: Այն կարող է լինել երեխաների համար, բայց կարող է լինել նաեւ դեռահասների, երիտասարդների եւ մեծահասակների համար: Եթե դուք ճիշտ բովանդակություն եք տալիս ճիշտ մարդկանց, կարող եք խոսել բոլորի հետ:
Սյունե Առաքելյան