Մաշկի խնամքի հարցում հայուհիների ամենատարածված սխալներն ու մոլորությունները

16:29   3 նոյեմբերի, 2024

Թեև Հայաստանում էսթետիկ կոսմետոլոգիան սկսել է ակտիվորեն զարգանալ, սակայն հայուհիներից շատերը դեռ զգուշանում են կոսմետոլոգներին այցելելուց՝ հույսը դնելով տնային բաղադրատոմսերի կամ հաստատված սովորությունների վրա։ Սակայն այս մեթոդներից մի քանիսը, չնայած իրենց տարածված լինելուն, կարող են ոչ միայն չօգնել, այլև վատթարացնել մաշկի վիճակը։ Կոսմետոլոգ Արմինե Աղաջանյանը ներկայացրել է մաշկի խնամքի վերաբերյալ ամենատարածված մոլորությունները և պատմել, թե ինչ փոքր, բայց կարևոր փոփոխություններ անել մաշկի խնամքի հարցում, որպեսզի մաշկը երկար մնա երիտասարդ, փայլուն և առողջ։

Յուղը կարելի է երկար պահել դեմքին

Հանրահայտ առասպելներից մեկն այն է, որ յուղը, եթե չլվացվի, մաշկը կարող է  հագեցնել օգտակար բաղադրիչներով։ Շատ կանայք, հետևելով այս թյուր կարծիքին, մաշկին յուղ են քսում և երկար թողնում այն։ «Յուղը պետք է մաշկի վրա պահել ոչ ավելի, քան 15-20 րոպե,- ասում է Արմինեն։- Այս ընթացքում մաշկը ժամանակ ունի կլանելու այն ամենը, ինչ իրեն անհրաժեշտ է։ Մնացած յուղը պետք է խնամքով լվանալ տաք ջրով կամ ներծծել անձեռոցիկով»։ Եթե յուղը երկար մնա դեմքին, ապա դրա ավելցուկը կարող է բակտերիաների և աղտոտվածության համար սննդի միջավայր դառնալ, ինչը հաճախ հանգեցնում է դեմքի դուրս տալուն: Յուղոտ մաշկ ունեցող կանայք պետք է հատկապես զգույշ լինեն յուղերի նկատմամբ, քանի որ ավելորդ յուղը կարող է մեծացնել փայլը և բորբոքում առաջացնել։

«Մաքուր» մաշկ ունենալու համար տոնային քսուքից խուսափումը

Որոշ կանայք կարծում են, որ տոնային քսուքից խուսափելը օգտակար է, քանի որ այն թույլ է տալիս մաշկին «շնչել»: Բայց իրականում բարձրորակ քսուքները պաշտպանիչ դեր են խաղում՝ ստեղծելով պատնեշ, որը պաշտպանում է մաշկը փոշուց և աղտոտվածությունից: «Տոնային հիմքը կարող է լինել քո օգնականը,- նշում է Արմինեն։- Այն օգնում է խուսափել շրջակա միջավայրի վնասակար գործոնների ազդեցությունից և պահպանել մաշկի առողջությունը»: Առողջ մաշկ ունեցողների համար հարմար են BB կրեմի թեթև տեսակները, իսկ լայնացած ծակոտիներ ունեցողները կարող են ընտրել ավելի խիտ տոնային քսուք: Ճիշտ ընտրված միջոցը օգնում է մաշկին պաշտպանված և մաքուր մնալ ողջ օրվա ընթացքում:

Բշտիկների սեղմումը մաշկը մաքրելու արագ միջոց է

Շատ հայուհիներ, ըստ սովորության, նախընտրում են ինքնուրույն սեղմել բշտիկները, սակայն դա բորբոքումից ազատվելու բոլորովին էլ լավագույն միջոցը չէ։ «Առանց պատրաստության բշտիկների սեղմումը կարող է վնասել մաշկը, առաջացնել բորբոքում և սպիներ թողնել,- բացատրում է Արմինեն։- Ավելի լավ է նման մջոցառումները վստահել մասնագետի»։ Բշտիկները տնային պայմաններում բուժելու փորձը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների, այդ թվում՝ երկարատև բորբոքումների և բծերի, որոնցից հետո դժվար կլինի ազատվել:

Տնական դիմակներ՝ մրգերից և բանջարեղենից

Դիմակների համար բնական մթերքների օգտագործումը հայ կանանց շրջանում տնային խնամքի ամենատարածված մեթոդներից է, որը փոխանցվում է սերնդեսերունդ։ Սակայն, ինչպես նշում է Արմինեն, նման խնամքը կարող է ոչ միայն անարդյունավետ, այլև վտանգավոր լինել։ «Մրգերն ու բանջարեղենը դեմքին կարող են գրգռվածություն կամ նույնիսկ ալերգիկ ռեակցիա առաջացնել,- զգուշացնում է նա:- Փոխարենը, ավելի լավ է օգտագործել դեղատնային միջոցներ կամ յուղեր, որոնք երաշխավորված են մաշկին օգտակար և կանխատեսելի արդյունքներ տալու համար»: Նման դիմակները կարող են հակահիգիենիկ լինել, քանի որ բնական մթերքների թթվայնության ու ֆերմենտների ավելցուկը միշտ չէ, որ օգտակար է մաշկի համար։

Արևային ակնոցներ՝ միայն ամռանը

Աչքերի շուրջ մաշկը պաշտպանելը կարևոր է ցանկացած եղանակին, և դա կարևոր է հիշել, հատկապես, երբ խոսքը վերաբերում է նուրբ մաշկին: Ուլտրամանուշակագույն ճառագայթները թափանցում են նույնիսկ ամպամած օրերին, և առանց արևային ակնոցի, աչքերի շուրջ մաշկը մշտապես գտնվում է մանր կնճիռների առաջացման և սագամաշկի վերածվելու վտանգի տակ: «Ակնոց կրելը օգնում է մաշկը պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթներից և կանխում է ծերացման վաղ նշանները»,- խորհուրդ է տալիս Արմինեն։ Ակնոցը ոչ միայն պաշտպանում է, այլև օգնում է զերծ մնալ աչքերը կկոցելուց, ինչը նույնպես հանգեցնում է կնճիռների առաջացման։

Որքան քիչ դիպչենք մաշկին, այնքան լավ

Որոշ այցելուհիներ կարծում են, որ որքան քիչ փոխազդեցություն լինի մաշկի հետ, այնքան այն ավելի առողջ կլինի: Ուստի նրանք սահմանափակվում են միայն դեմքը լվանալով և քսուք օգտագործելով։ Բայց եթե եղջերացած բջիջներն ու աղտոտվածությունը չհեռացվեն, մաշկը կկորցնի թարմանալու ունակությունը, դժգույն տեսք կունենա և կարող է թեփոտվել: «Շաբաթական 1-2 անգամ թեթև փիլինգը խնամքի կարևոր տարր է, որի շնորհիվ մաշկը մաքուր և հարթ է մնում»,- ասում է Արմինեն։ Կանոնավոր, բայց նուրբ թեփազատումը օգնում է կանխել ծակոտիների խցանումը և մաշկը թարմ ու առողջ է պահում:

Միայն միցելյար ջուր կամ թաց անձեռոցիկներ օգտագործելը

Հայաստանում շատ կանայք նախընտրում են մաշկը մաքրել միայն միցելյար ջրով, իսկ երբեմն էլ թաց անձեռոցիկով՝ սա խնամքի պարզ և արագ միջոց համարելով։ Բայց դա բավարար չէ մաշկը լիարժեք մաքրելու համար։ «Միցելյար ջուրը կարող է չորացնել մաշկը, եթե այն չլվացվի,- բացատրում է Արմինեն։- Դրանից հետո անպայման դեմքը պետք է լվանալ գոլ ջրով կամ մաքրող փրփուր օգտագործել՝  չորացումից և թեփոտումից խուսափելու համար։ Թաց անձեռոցիկը պարզապես կմաքրի փոշու և կոսմետիկայի առաջին շերտը, բայց նույնիսկ ամբողջ փաթեթի օգտագործումը չի երաշխավորի ձեր դեմքի մաշկի լիարժեք մաքրությունը»։ Կարևոր է նաև երբեմն պարզապես լվացվել սովորական  ջրով և միցելյար ջուրը հերթագայել այլ միջոցներով, ինչպիսիք են նուրբ փրփուրը, սկրաբը և մաքրող կաթը: Այս համալիր մոտեցումը հնարավորություն կտա մաշկը թարմ, խոնավ և խորապես մաքրված պահպանել:

Մտահոգություններ դեմքի մոմով մազահեռացման առթիվ

Որոշ կանայք վախենում են մոմով մազահեռացումից՝ մտածելով, որ դա գրգռվածություն և կարմրություն կառաջացնի։ Սակայն ճիշտ մոտեցման դեպքում այս պրոցեդուրան օգնում է, որ մաշկը հարթ և թավշյա մնա: «Պրոպոլիսի հիմքով տաք մոմը ոչ միայն հեռացնում է աղվամազերն, այլև մաշկը փափուկ ու հարթ է դարձնում,- բացատրում է Արմինեն։- Պրոցեդուրայից հետո խորհուրդ եմ տալիս մաշկը մշակել 3% ջրածնի պերօքսիդով և վրան մանկական փոշի ցանել»։ Այս տեսակի մազահեռացումը ոչ միայն օգնում է ազատվել ավելորդ մազերից, այլև երիտասարդացնում է մաշկը՝ այն դարձնելով թավշյա և թարմ։

Թեև Հայաստանում կոսմետոլոգիան նոր է սկսում գրավել կանանց ուշադրությունը, սակայն մաշկի խնամքը մտածված մոտեցում է պահանջում։

Խուսափեք տարածված սխալներից, որպեսզի երկարացնեք ձեր մաշկի երիտասարդությունը և խուսափեք խնդիրներից, որոնք կարող են առաջանալ սխալ խնամքի պատճառով:

Ականջալուր եղեք ձեր մաշկի կարիքներին և մի վախեցեք խորհրդակցել մասնագետների հետ. այս կերպ դուք կարող եք հասնել հիանալի արդյունքների և երկար ժամանակ պահպանել գեղեցկությունը: Եվ հիշեք. մաշկի առողջությունը ինքներդ ձեր հանդեպ սիրո արտացոլումն է:

 

 



© NEWS.am STYLE