21:32 4 նոյեմբերի, 2024Եթե աշխարհի շուրջ ճանապարհորդությունը գնացքով հրապուրիչ է հնչում եւ դուք ավելորդ մի քանի հարյուր հազար դոլար ունեք, այս տարբերակը ձեռնտու է ձեզ։
Բարձրակարգ Railbookers զբոսաշրջիկային գործակալությունը հայտարարել է իր «Աշխարհի շուրջ շքեղ գնացքով» երկրորդ ճամփորդության մասին։ 59-օրյա երթուղին կներառի ուղեւորություն մի քանի շքեղ գնացքներով չորս մայրցամաքներով, 12 երկրներով եւ ավելի քան 20 քաղաքներով։
Շքեղ գնացքները, որոնք ներառված են երթուղում, կանադական Rocky Mountaineer, իտալական Orient Express, շոտլանդական Belmond Royal Scotsman, եվրոպական Venice Simplon-Orient Express, հնդկական Maharajas Express, հարավարեւելաասիական Eastern & Oriental Express եւ հարավաֆրիկյան Rovos Rail գնացքներն են։
«Երբ մենք մեկ տարի առաջ ստեղծեցինք այս ինքնատիպ ուղեւորությունը, դա ամբողջ աշխարհում շքեղ երկաթուղային ճամփորդությունների աճող պահանջարկի պատասխանն էր»,- Euronews-ին ասել է Railbookers-ի նախագահ եւ գլխավոր տնօրեն Ֆրենկ Մարինին։ «Մեր Around the World by Luxury Rail երթուղին 2025թ. կատարելագործվել է եւ թարմացվել, որպեսզի մեր հյուրերը կարողանան առավելագույն չափով օգտագործել իրենց ժամանակն ու տպավորությունները՝ վայելելով մշակույթը, խոհանոցն ու միջոցառումները, որոնք կարող է առաջարկել այս հայտնի ուղղություններից յուրաքանչյուրը»։
Ճամփորդության գները սկսվում են 125 557 դոլարից մեկ անձի համար։ Արժեքի մեջ մտնում են կեցությունը բարձրակարգ հյուրանոցներում, էքսկուրսիաները, զբոսանավերի խցիկերը եւ մասնավոր շրջագայություններն այնպիսի վայրերում, ինչպիսին են Կոլիզեումը, Թաջ Մահալը եւ այլն։
Railbookers-ի ուղեւորությունը Վանկուվերում կսկսվի 2025թ. սեպտեմբերին եւ կներառի կանգառներ Էդինբուրգում, Հռոմում, Վենետիկում, Փարիզում, Բուդապեշտում, Ստամբուլում, Դելիում, Յոհանեսբուրգում, Քեյփթաունում, Սինգապուրում եւ այլ վայրերում։ Երթուղին կարող է նաեւ փոխվել ճանապարհորդների պահանջմունքների համապատասխան։