Որքան խելացի է տղամարդը, այնքան լավ հարաբերություններ ունի հակառակ սեռի ներկայացուցիչների հետ

21:33   5 նոյեմբերի, 2024

Որքան խելացի է տղամարդը, այնքան լավ հարաբերություններ ունի հակառակ սեռի ներկայացուցիչների հետ:

Էվոլյուցիոն հոգեբան Գևին Ս. Վենսը և Միչիգանի Օքլենդ համալսարանի նրա գործընկերները որոշել են հետազոտել, թե փոխհարաբերությունների որ գործոններն են առնչվում ինտելեկտի կամ դրա բացակայության հետ:

Գիտափորձին մասնակցել է վեց ամիս և ավելի՝ երեքուկես տարուց փոքր-ինչ ավելի միջին տևողությամբ հարաբերություններ պահպանած 18-65 տարեկան 200 տղամարդ,  գրում է New York Post-ը։

Հետազոտվող խումբն ընդհանուր ինտելեկտուալ հմտությունները, մասնավորապես՝  խնդիրները լուծելու կամ տրամաբանությունը կիրառելու կարողությունը գնահատելու նպատակով պետք է ճանաչողական թեստ հանձներ և լրացներ ևս մեկ հարցում, որն արդյունքում ի հայտ է բերել դրական և բացասական հարաբերությունների վարվելակերպը:

Արդյունքները ցույց են տալիս, որ որքան խելացի է տղամարդը, այնքան դրական են նրա հարաբերությունները։ Խելացի տղամարդիկ հարաբերությունների վնասակար գործոնների, մասնավորապես՝ բանավոր վիրավորանքի, մանիպուլյացիաների և սեռական հարկադրանքի ցածր մակարդակ ցույց են տվել, միաժամանակ հարաբերություններով  բավարարվածության և առաջնահերթությունների տեղաբաշխման բարձր մակարդակ դրսևորելով:

Գիտնականների համոզմամբ՝ այս հայտնագործությունը ցույց է տալիս, որ վերոնշյալ հմտությունները կարող են նպաստել իմպուլսների վերահսկմանը, տղամարդկանց օգնելով հաշվի առնել սովորական բացասական պահվածքի հետևանքները:

Ընդսմին, հետազոտողները տղամարդկային ինտելեկտի և վարքագծի որոշ տեսակների, մասնավորապես՝ խանդի, ֆիզիկական բռնության և գերիշխելու ցանկությունը միջև էական կապ չեն գտել:

Հետագա հետազոտությունները, որոնք ուսումնասիրում են ռոմանտիկ հարաբերություններում հաջողության և կանանց ընդհանուր ինտելեկտի միջև կապը, ինչպես նաև դրա ազդեցությունը հարաբերությունների այլ տեսակների վրա, թերևս օգնեն ըմբռնելու՝ ինչն է սերը հավիտենական դարձնում:



© NEWS.am STYLE