Ինչպե՞ս Սոֆի Մխեյանը փայլեց աշխարհահռչակ Selin ամսագրի էջերին եւ դիզայներ Մերի Գրիգորյանի հետ միասին պատմեց Երեւանի մասին

22:05   13 նոյեմբերի, 2024

Սոֆի Մխեյանն օրերս դարձավ հայկական շոու-բիզնեսի առաջին արտիստը, ով դարձավ Selin միջազգային ամսագրի շապիկի դեմքը: Երգչուհին նորաձեւության ամսագրում հայտնվել է դիզայներ Մերի Գրիգորյանի «The Yerevan» հավաքածուի համար արված ֆոտոշարքով: Սա մեծ իրողություն է հայ երգչուհու համար՝ հաշվի առնելով այն փաստը, որ այս ամսագրի շապիկին փայլել են այնպիսի հոլիվուդյան աստղեր, ինչպիսիք են՝ Էնն Հեթուեյը, Վայնոնա Ռայդերը, Մայլի Սայրուսը, Դուա Լիպան եւ այլք: Սակայն այսքանով Սոֆիի ու Մերիի հաջողությունը չի ավարտվում: Հայ երգչուհին երիտասարդ հայ դիզայների ստեղծած կերպարներով շուտով կզարդարի նաեւ «Artells», «Rebel», «Malvie» եւ «Quadro» ամսագրերի շապիկները: Հայուհիները ոգեւորված են հատկապես այն փաստից, որ համաշխարհային հարթակում կարողացել են եւս մեկ անգամ ցուցադրել ու պատմել հայկական մշակույթի մասին:

0203bc63-2de0-4d44-bf17-3b5032174a84.jpg (84 KB)

Մերին եւ Սոֆին իրենց համագործակցության մանրամասներով կիսվել են NEWS.am STYLE-ի հետ:
Ամեն ինչ սկսվել է շատ պարզ. մի օր Մերին  ներկա է գտնվել Սոֆի Մխեյանի համերգներից մեկին: Դիզայները երգչուհու հետ համատեղ լուսանկարով կիսվում է սոցիալական ցանցերի իր էջերում, որից հետո նրա հետ կապ է հաստատում ոլորտում հայտնի իր ընկերներից մեկը՝ խորհուրդ տալով, որ հենց Սոֆիի հետ իրականացնի իր The Yerevan հավաքածուի ֆոտոշարքը: Միտքը Մերիին ավելի քան դուր է գալիս եւ նա նոր ոգեշնչում է գտնում: Սոֆին ինքն էլ մեծ սիրով միանում է դիզայների գաղափարին: Սա առաջին դեպքը չէ, երբ Մերիի գաղափարները հայտնվում են համաշխարհային ամսագրերի շապիկներին: Ամիսներ առաջ դերասանուհի Իրինա Դանիելյանն էր հայտնվել իտալական Vogue-ի հատուկ՝ «Թատրոնի վերածնունդը նորաձեւության մեջ»  նախագծի էջերին։ Նախագծի հեղինակը կրկին Մերին էր։ 

29e20714-d9cd-434c-8b58-1102b618bce1.jpg (75 KB)

Դիզայների The Yerevan collection-ը, ինչպես հուշում է անունը, ամբողջությամբ նվիրված է Երեւանին: «Երեւանը միշտ եղել է իմ ոգեշնչման աղբյուրներից մեկը, ես ոգեշնչվում եմ ամեն փողոցով ու շենքով: Հավաքածուի շուրջ սկսել եմ աշխատել մեկ տարի առաջ, այն ընդգրկում է 48 «լուք», որոնցից յուրաքանչյուրը յուրովի ներկայացնում է Երեւանի գեղեցկությունը: Կերպարները շատ տարբեր են, բայց նրանց միավորում է իմ մեծ սերը Երեւանի հանդեպ»,-պատմում է նա:

8866da87-4c64-4381-a793-15428c0fb50d.jpg (66 KB)

Անդրադառնալով Սոֆիի հետ համագործակցությանը՝ Մերին հավելում է. «Սոֆին ունի գժական, տարբերվող էներգիա, որը լիարժեք համապատասխանում էր The Yerevan հավաքածուի նկարահանված լուքերին, ու կարծում եմ՝ հենց իր էներգետիկայով գրավեց թե ինձ, թե ամսագրերի թիմերին: Բացի այդ, իմ եւ Սոֆիի արվեստների մեջ կա հզոր կապ: 2006-ից ի վեր նա մոդեռնացնում է հայկական մշակույթը, նույն իմաստն է դրված նաեւ The Yerevan հավաքածուի մեջ, ու ես կարծում եմ, որ Սոֆին հենց այն ճիշտ մարդն է, ով իր գործունեությամբ ու արվեստով միշտ ապացուցում է, որ արժանի է ներկայացնել հայկական մշակույթն ու արվեստը միջազգային հարթակներում: Էլ չեմ ասում, որ նա ունի փայլուն մոդելային տվյալներ»:

edc5bc3c-af98-4322-b1af-c22a035c3572.jpg (101 KB)

Սոֆիի ու Մերիի խոսքով՝ միջազգային ամսագրերի հետ համագործակցության կարևորագույն նպատակը հայկականը, հայ մշակույթն ու արվեստն ներկայացնելն է:

Սոֆին նշում է՝ Մերիի հետ սիրով է աշխատել, բայց խոստովանում է, որ ի սկզբանե չի էլ մտածել, որ իրենց աշխատանքը համաշխարհային արձագանք կստանա: «Մի բան միանշանակ է, որ նման պրոֆեսիոնալ մարդիկ այնքան են գնահատել մեր արածը, որ ես Selin-ից բացի եւս 4 ամսագրերի շապիկներին կհայտնվեմ»: 

0f0068d7-2965-4b22-825e-d4a1edcca9fd.jpg (130 KB)

86261d3c-b7d8-4f87-8428-4db9a6e37b76.jpg (107 KB)

Սոֆին համոզված է՝ Մերիի հետ համագործակցությունը շարունակական կլինի: «Երբեմն դժվար է խոսել գործընթացի մասին, բայց հիմա մենք նոր գաղափարների շուրջ ենք համախմբվել։ Անկախ ամեն ինչից, ես շատ ուրախ եմ, որ ճանաչել եմ Մերիին, եւ մենք ունենք այսպիսի գեղեցիկ համագործակցություն, որը, վստահորեն, շարունակական բնույթ կկրի»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE