18:02 17 նոյեմբերի, 2024Եթե նախկինում մաշկի խնամքն ընկալվում էր որպես բացառապես կանացի ոլորտ, ապա այսօր արդեն տղամարդիկ հաճախ են դիմում պրոֆեսիոնալ կոսմետոլոգի՝ մաշկի խնամքը դարձնելով առօրյայի մի մասը։ Մաշկի պատշաճ խնամքը տղամարդկանց օգնում է երիտասարդ մնալ և խուսափել այնպիսի խնդիրներից, ինչպիսիք են սափրվելիս դեմքի գրգռվածությունը, չորությունը և վաղ կնճիռները: Կոսմետոլոգ Արմինե Աղաջանյանը խորհուրդ է տալիս, թե տղամարդիկ ինչպես խնամեն դեմքի մաշկը, որպեսզի երկար տարիներ առողջ և խնամված մաշկ ունենան։
Տղամարդկանց մաշկն ունի իր առանձնահատկությունները. ավելի խիտ է, յուղոտ և հաճախ սափրվելու ժամանակ ենթարկվում է մեխանիկական սթրեսի, ինչը կարող է առաջացնել գրգռվածություն և բորբոքում: Տարիքի հետ նույնիսկ հաստ մաշկը կարող է կորցնել առաձգականությունը, չորանալ և ենթարկվել վաղ ծերացման: «Տղամարդիկ որքան շուտ սկսեն խնամել մաշկը,- բացատրում է Արմինեն,- այնքան երկար այն թարմ և առողջ տեսք կունենա: Մաշկի խնամքը միայն դիմահարդարումը չէ, ինչպես հաճախ կարծում են, այն առողջության կարևոր բաղադրիչ է»։
Մաշկի հիմնական խնամքն այն նվազագույնն է, որը մաշկը պահում է լավ վիճակում և կանխում ծերացման վաղ նշաններն ու բշտիկների և սև կետերի առաջացումը:
Մաքրում
Մաքրումը խնամքի հիմքն է, որը հեռացնում է կեղտը, ճարպը և կոսմետիկ մնացորդները: «Առավոտյան և երեկոյան դեմքը լվանալու համար օգտագործեք փափուկ փրփուր կամ կաթ, որպեսզի ձեր մաշկը մաքուր լինի»,- խորհուրդ է տալիս Արմինեն։ «Այս միջոցները հարմար են ամենօրյա օգտագործման համար՝ առանց մաշկը չորացնելու»։
Պիլինգ և շերտազատում
Պիլինգը կարևոր քայլ է, որը շատ տղամարդիկ բաց են թողնում: «Շաբաթը 1-2 անգամ սկրաբը կամ ֆերմենտային պիլինգը կօգնի հեռացնել մաշկի մահացած բջիջները և կանխել ծակոտիների խցանումը»,- ասում է Արմինեն։ Սափրվելուց հետո մաշկը հաճախ լրացուցիչ խնամքի կարիք ունի, իսկ շերտազատումն օգնում է մազերի ներաճը կանխելուն ու ծակոտիները մաքուր պահելուն:
Խոնավացում
Տղամարդկանց մաշկը խոնավացման կարիք ունի ոչ պակաս, քան կանանցը։ Ամենօրյա խոնավացնող միջոցի օգտագործումը կանխում է չորությունը, մաշկը պաշտպանում շրջակա միջավայրի վնասներից և պահպանում նրա բնական պատնեշը: Ընտրեք թեթև նյութակազմվածքով քսուքներ, որոնք արագ ներծծվում են և կպչունություն չեն թողնում։
Պրոֆեսիոնալ բուժում տղամարդկանց համար
Կոսմետոլոգները տղամարդկանց խորհուրդ են տալիս երիտասարդ և առողջ մաշկը պահպանելու համար կանոնավորապես հաճախել մասնագիտական պրոցեդուրաների։
Ահա մի քանի ընթացակարգ, որ հարմար են ցանկացած տարիքի տղամարդուն.
Դեմքի ուլտրաձայնային մաքրում. օգնում է ծակոտիների խոր մաքրմանը և մաշկի մեռած բջիջների հեռացմանը, ինչը բարելավում է մաշկի տեսքն ու տոնուսը: Ուլտրաձայնը նրբորեն և արդյունավետորեն հեռացնում է կեղտերը՝ չվնասելով մաշկը: Հարմար է նույնիսկ զգայուն մաշկի համար:
Դեմքի մերսում. խթանում է արյան շրջանառությունը, բարելավում մաշկի երանգը և կանխում վաղ կնճիռները: Ավելի լավ արդյունքի համար կարող եք օգտագործել խոնավացնող յուղ կամ շիճուկ, որը լրացուցիչ կսնուցի մաշկը։
Ավելորդ մազերի հեռացում մոմով կամ շաքարով. ազատում է անցանկալի մազերից և մաշկը հարթ դարձնում։
Մազահեռացումն օգնում է նաև մաշկի թեթևակի շերտազատմանը՝ ավելի թարմ տեսք հաղորդելով:
Պիլինգ և խոզանակ. թարմացնում են մաշկը, վերացնում պիգմենտացիան ու պզուկների հետքերը և բարելավում մաշկի ընդհանուր վիճակը: Հատկապես օգտակար են նրանց համար, ովքեր խամրած մաշկի և հոգնածության զգացողություն ունեն:
Սնուցող և խոնավացնող դիմակներ. նպաստում են մաշկի վերականգնմանը՝ սնուցելով վիտամիններով և օգտակար բաղադրիչներով։ Պաշտպանում են սթրեսից և շրջակա միջավայրի վնասակար ազդեցություններից՝ մաշկին թարմություն և փայլ հաղորդելով:
Ժամանակակից տղամարդիկ մաշկի խնամքի պրոցեդուրաներն ավելի ու ավելի հաճախ են ընդգրկում առօրյայում, և դա սեփական անձի հանդեպ հոգատարության և առողջության նկատմամբ ուշադիր վերաբերմունքի ցուցանիշ է։ Մաշկի խնամքը վերաբերում է ոչ միայն արտաքին տեսքին, այլև առողջությանը, քանի որ խնամված մաշկն ուշ է ծերանում և ավելի քիչ խնդիրներ է հարուցում։ Եթե ցանկանում եք միշտ երիտասարդ ու գրավիչ տեսք ունենալ, անհապաղ կապվեք կոսմետոլոգի հետ և դեմքի հիմնական խնամքը դարձրեք ձեր առօրյայի մի մասը։