22:31 25 նոյեմբերի, 2024Tsaghkunk Restaurant & Glkhatun դարձավ առաջին հայկական ռեստորանը, որն արժանացավ La LISTE-ի հեղինակավոր DISCOVERY AWARD 2025 մրցանակին: Դա կարևոր ձեռքբերում է և պատմական պահ հայկական գաստրոնոմիայի համար: Մրցանակը հանձնվել է այսօր Փարիզում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ՝ Հայաստանը հաստատուն կերպով ամրագրելով համաշխարհային խոհարարական քարտեզին։
Discovery Awards մրցանակի են արժանանում խոհարարական և հյուրընկալության ոլորտներում բացառիկություն, վավերականություն, նորարարություն և վարպետություն են մարմնավորած հաստատություններն ու անհատները:
2021 թվականին հիմնադրված Tsaghkunk Restaurant & Glkhatun աչքի է ընկնում հայկական խոհանոցին նորարարական մոտեցմամբ։

Հաստատության շեֆ խոհարարը՝ Արևիկ Մարտիրոսյանը, ավանդույթները վարպետորեն համադրում է ժամանակակից խոհարարական տեխնիկայի հետ։
Տեղական և օրգանական մթերքի օգտագործումը, հայկական ժառանգության հանդեպ խոր ակնածանքը և սոցիալական նախաձեռնություններին նվիրվածությունը նրան ճանաչում են բերել թե՛ տեղական, և թե՛ միջազգային մակարդակում:
Tsaghkunk Restaurant & Glkhatun այսօր հանդես է գալիս հայկական խոհանոցի դեսպանի դերում՝ ապացուցելով, որ երկրի խոհարարական ավանդույթներն ու նորարարությունները վաստակել են համաշխարհային ասպարեզում իրենց արժանի տեղը զբաղեցնելու իրավունքը: «La LISTE-ի այս ճանաչումը ոչ միայն մեծ պատիվ է մեր թիմի համար, այլև՝ կարևորագույն նշաձող Հայաստանի համար», - նշել է Tsaghkunk Restaurant & Glkhatun-ի հիմնադիր Հրաչյա Աղաջանյանը: «Մենք պատիվ ունենք աշխարհին հաղորդակից դարձնելու մեր երկրի գեղեցկությանն ու համուհոտին»:
Ֆրանսիայում հիմնված La LISTE-ն հայտնի է որպես աշխարհի ամենահարգված ռեստորանային և հյուրանոցային ուղեցույցերից մեկը: La LISTE-ը, որը հաճախ կոչվում է «վարկանիշների վարկանիշ», 2015 թվականին հիմնադրված անկախ ռեստորանային վարկանիշային հարթակ է: Դրա մեթոդաբանությունը բարդ ալգորիթմի կիրառմամբ միավորում է բարձր խոհանոցի ուղեցույցների տեակետներ, հարգարժան քննադատների, բլոգերների և սպառողների արձագանքը տարածող կայքեր՝ ինտեգրելով մոտ 1100 միջազգային աղբյուրներ: Նշված աղբյուրները ներառում են ռեստորանային հայտնի ուղեցույցների վարկանիշները, միջազգային, ազգային և տարածաշրջանային մամուլի աձագանքները և հյուրերի կարծիքները:
Ամեն տարի La LISTE-ը համախմբում է գլոբալ գաստրոնոմիական համայնքը՝ վարկանիշները ներկայացնելու և մրցանակներ հայտարարելու համար: Նոյեմբերի 25-ին Փարիզում տեղի ունեցավ La LISTE իններորդ գալա երեկոն, որը համախմբեց լեգենդար խոհարարներին, ազգային խոհարարական հերոսներին, երիտասարդ տաղանդներին և հարգարժան հյուրերին:
Երեկոյի ճաշացանկի հեղինակները բարձր խոհանոցի արվեստը սահմանող աշխարհահռչակ խոհարարներ են, որոնք միջոցառումը տաղանդի, նորարարության և նվիրվածության անմոռանալի տոն դարձրին: