19:30 26 նոյեմբերի, 2024Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում ամուրիներից։ International Social Work ամսագրում հրապարակված հետազոտությունը դիտարկել է, թե ինչպես է ամուսնությունն ազդում ծերացման պրոցեսի վրա։
Փորձագետները հետեւել են 45-85 տարեկան մարդկանց առողջությանը եւ բարեկեցությանը 20 տարվա ընթացքում՝ հասկանալու համար, թե ինչպես է նրանց ընտանեկան դրությունն ազդում նրանց առողջության վրա։ Որոշում կայացնելիս հաշվի են առնվել ֆիզիկական առողջությունը, հոգեկան առողջությունը, սոցիալական բարեկեցությունը եւ ինքնընկալումը՝ կապված տարիքի հետ։
Ընդհանուր առմամբ, հետազոտությունը ցույց է տվել, որ ամուսնացած տղամարդիկ «ավելի հաջող» են ծերանում, քան նրանց երբեք չամուսնացած հասակակիցները։ Բայց միայն այն դեպքում, եթե շարունակում են ամուսնացած մնալ. բաժանումը, ամուսնալուծությունը եւ ամուսնու մահը, ամենայն հավանականությամբ, բացասական ազդեցություն են ունենում։
Մյուս կողմից՝ ամուսնացած կանայք ծերանում են այնպես, ինչպես նրանց երբեք չամուսնացած հասակակիցները։
Դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ կանանց անհամեմատ ավելի շատ է դուր գալիս միայնակ լինելը, քան տղամարդկանց։
Հետազոտությունը, որը հրապարակվել է Social Psychological and Personality Science ամսագրում, ցույց է տվել, որ կանայք իրենց ավելի երջանիկ են զգում, երբ միայնակ են, ավելի հազվադեպ են ցանկանում երկրորդ կես ունենալ եւ իրենց սեքսուալ առումով ավելի բավարարված եւ ընդհանուր առմամբ ավելի գոհ են զգում։
Բայց ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար ամուսնության կայունությունն ավելի մեծ ազդեցություն ունի առողջության վրա, քան պարզապես մատանու առկայությունը մատնեմատին։