«Այդ խոսքերը կյանքում չեմ մոռանա». Էլեն Բադալյանը՝ «Ну-ка, все вместе!»-ի եզրափակչում հայտնվելու, առաջիկա ելույթի ու ժյուրիի աջակցության մասին

12:19   26 նոյեմբերի, 2024

Հայազգի Էլեն Բադալյանը ռուսական «Ну-ка, все вместе!» շոուի 6-րդ եթերաշրջանի ֆավորիտ մասնակիցներից է: Էլենին աջակցում են ոչ միայն հայերը, այլեւ ռուսական շոուբիզնեսի ամենահեղինակավոր դեմքերից 100-ը, որոնք, մրցույթի ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարեւի գլխավորությամբ, երկրորդ անգամ անընդմեջ ոտքի են կանգնում հայուհու կատարման ընթացքում: Էլենը եզրափակչում է, կկարողանա՞ արդյոք նա կրկնել մեկ այլ հայուհու՝ Սյուզաննա Մելքոնյանի հաջողությունը՝ դառնալով շոուի հաղթող: Այս մասին պարզ կդառնա այս ուրբաթ, բայց այն, որ 17-ամյա երգչուհին արդեն հասցրել է գրավել հազարավոր սրտեր, ակնհայտ փաստ է:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին կիսվել է իր էմոցիաների, անցած ուղու ու սպասելիքների մասին:

IMG_0709.jpeg (149 KB)

Էլենը պատմում է, որ ընտանիքի հետ արդեն մի քանի տարի է՝ հետեւում էին շոուին: Դրան մասնակցելու ցանկությունը միշտ էլ մեծ է եղել, պարզապես սպասում էր 17-ամյակի լրանալուն:

«Կարծում եմ՝ «Ну-ка, все вместе!»-ն ամենադժվար հեռուստանախագծերից է, քանի որ հեշտ չէ գոհացնել միանգամից 100 բանիմաց մասնագետների: Իհարկե, շատ էի ուզում, որ բոլորն էլ ոտքի կանգնեին, բայց այն, որ դա եղավ, միեւնույն է, շատ անսպասելի էր»,-խոստովանում է Էլենը:

Էլենի ելույթից ոգեւորված ու գոհ էր ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարեւը, որը ոչ միայն ոտքի կանգնելով, այլեւ գոհունակության խոսքերով էր աջակցում հայ մասնակցին:

IMG_0710-1.jpeg (282 KB)

«Սերգեյ Լազարեւը մեծ պրոֆեսիոնալ է իր ոլորտում, եւ նրա ամեն մի բառը շատ կարեւոր է ինձ համար: Նաեւ Արսենի Բորոդինն ասաց, որ իմ աֆիշան տեսնելիս անպայման կգար իմ համերգին, քանի որ համոզված է, որ կտեսնի համաշխարհային մակարդակին համապատասխան շոու… ես այդ խոսքերը, երեւի, կյանքում չեմ մոռանա»:

Անդրադառնալով առաջին եւ երկրորդ ելույթների ժամանակ իր զգացողություններին՝ Էլենը նշում է, որ հուզմունքի առումով տարբերություն առանձնապես չի զգացել, բայց կարծում է՝ երկրորդ ելույթը, որի ընթացքում կատարել է Ջենիֆեր Հադսոնի And I’m Telling You I’m Not Going երգը (առաջին անգամ կատարել է Lady Marmalade-ը. հեղ.), ավելի հուզումնառատ է եղել:

Էլենի խոսքով, նախագիծն իր առջեւ նոր դռներ է բացել, բայց առայժմ չի կարող բացահայտել մանրամասները: Ինչ վերաբերում է եզրափակչին, կրկին շատ փակագծեր չի բացում,-«Կասեմ միայն, որ երգելու եմ ռուսերենով, մնացածը կտեսնեք շուտով»,-ժպտում է նա:

Էլենը ծնվել եւ մեծացել է Ռուսաստանում, սակայն ռուսերենից բացի հրաշալի տիրապետում է հայերենին: Այս տարի, ինչպես, ինքն է բնորոշում, դժվար ճանապարհով է անցել: «Մեկ տարում ավարտեցի 10-11 դասարանները, այսինքն՝ դպրոցական կրթությունս, նաեւ՝ Լարիսա Դոլինայի երաժշտական ակադեմիան: Հիմա սովորում եմ Ժամանակակից արվեստների ինստիտուտում՝ էստրադային եւ ջազային երգեցողության բաժնում»:

Էլենի ներկայիս երազանքները կապված են երաժշտության հետ. «Իմ միակ նպատակը երաժշտությունս մարդկանց սրտերին հասցնելն է»,-ասում է նա:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE