8-ամյա աղջիկը մեղադրել է ծնողներին դավաճանության մեջ՝ պարզելով, որ Սանտա Կլաուսը գոյություն չունի

22:15   25 դեկտեմբերի, 2024

8-ամյա աղջիկը  Արիզոնայից իրեն այնքան դավաճանված է զգացել՝ իմանալով ճշմարտությունը Սանտա Կլաուսի մասին, որ ծնողներին ցասումնալից նամակ է գրել, որում նրանց անվանել է «երազանքը խորտակողներ» եւ «դավաճաններ»։ Նրա զայրալից նամակը ներկայում շրջանառում է Reddit-ը։

«Չնայած նրա տառապանքը տեսնելը սրտաճմլիկ էր, մենք չկարողացանք զսպել ժպիտը նրա նամակների քնքշության ու հուզականության հետ կապված»,- Newsweek-ին ասել է հիասթափված աղջկա հայրը՝ Դերեք Ռոջերսը: Նրա խոսքով՝ ինքը եւ իր կինը միշտ ջանացել են, որպեսզի պահպանեն Սանտայի մասին առասպելը հանուն իրենց դստեր, ասել է նա։

«Մեր դուստրը դարակի վրա էլֆ ուներ, որը բարի էր եւ Սուրբծննդյան ընկեր», - ասել է Ռոջերսը: «Նա նամակներ էր գրում Սանտային, իսկ երբեմն նա նույնիսկ պատասխանում էր»: Սակայն նրանց Սուրբծննդյան պատմությունը փլուզվեց, երբ աղջկա դասընկերը նրան ասաց, որ Սանտա Կլաուսը եւ էլֆը գոյություն չունեն:

«[Նա ասաց], որ միակ մարդիկ, ովքեր դեռ հավատում են դրան, ես եւ իմ ընտանիքն ենք: Մայրիկ, հայրիկ... սա ճի՞շտ է: Սանտան գոյություն ունի՞», - պատասխան էր պահանջում նա ծնողներից։

Հենց այդ ժամանակ նրանք որոշեցին լույս սփռել Սուրբծննդյան առասպելի վրա: Եվ մինչ Ռոջերսը կարծում էր, թե խնդիրը հաղթահարվել է, պարզվեց, որ այդպես չէ այն բանից հետո, երբ դուստրը հեկեկաց եւ բացականչեց. «Դուք ինձ ստել եք ութ տարի»:

Դրանից հետո նա նամակ է գրել, որում նշել է, որ երբեք չի ների իր սիրտը կոտրած «ստախոսներին ու դավաճաններին»։

Ռոջերսն ասել է, որ թեեւ դուստրը մի որոշ ժամանակ բարկացել է նրանց վրա, ամեն ինչ ի վերջո վերադարձել է բնականոն հունը: «Նա նույնիսկ ուրախ է օգնել փաթեթավորել նվերները, դրանք դնել ծառի տակ եւ պահպանել Սուրբծննդյան ոգին»:



© NEWS.am STYLE