Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի վերջին փորձերը՝ Դուբայի համերգներին ընդառաջ. Սերգեյ Սմբատյանը՝ առաջիկա ծրագրերի ու անելիքների մասին  

17:02   14 հունվարի, 2025

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2025 թվականի հունվարի 17-ից 19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ Ռոք» համերգային ծրագիրը։ 

Նվագախումբը մեկնում է ԱՄԷ Դուբայի օպերայի հրավերով, որտեղ հունվարի 17-ին եւ 18-ին համապատասխանաբար կներկայացնի «Սիմֆոնիկ Զեփելին» եւ «Սիմֆոնիկ Նիրվանա» համերգները, իսկ հունվարի 19-ին՝ փոփի արքա Մայքլ Ջեքսոնի համաշխարհային ճանաչում վայելող երգերի սիմֆոնիկ կատարումները՝ «Սիմֆոնիկ Ջեքսոն» խորագրի ներքո: Հայաստանի հանրային ռադիոյի ստուդիայում տեղի են ունենում նվագախմբի վերջին փորձերը մեկնումից առաջ: 

NEWS.am STYLE-ը հետեւել է ընթացքին ու զրուցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ:  

473346854_1542374923097544_8980323467623092954_n.jpg (689 KB)

«Շատ ոգեւորված ենք, շատ պատասխանատու ելույթ ունենք մեր «Սիմֆոնիկ Ջեքսոն» նախագծով: Գուցե, թվա, թե պոպուլյար երաժշտությունն ավելի հեշտ է տրվում, բայց դասական-ակադեմիական նվագախմբի համար որքան էլ նման ոճային փոփոխությունը մեծ ոգեւորություն է, նաեւ կան դժվար մասեր: Մեր շատ տաղանդավոր կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանը «Սիմֆոնիկ Ջեքսոնն» ընկալել է որպես, իսկապես, շատ բարդ պարտիտուր, բայց մենք հաղթահարում ենք եւ շատ ոգեւորված ենք, որ փաստորեն առաջին անգամ Հայաստանից միջազգային ճանաչելիության ծրագիր է դուրս գալիս միջազգային շուկա։ Այսօր մենք խոսում ենք Դուբայի եւ Աբու Դաբիի մասին՝ սրանք այն քաղաքներն են, որոնք ընդունում են լավագույն եւ ամենահայտնի փոփ աստղերին: Ունենք նաեւ «Սիմֆոնիկ Զեփելին» եւ «Սիմֆոնիկ Նիրվանա»՝ սրանք այն ծրագրերն են, որոնք պոպուլյար երաժշտության եւ սիմֆոնիկ նվգախմբի սահմանին են՝ ապացուցելով, որ նվագախումբը, որպես գործիք, կարող է նվագել ամեն ինչ»: 

473191422_1542374286430941_2115833327169026826_n.jpg (562 KB)

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Սիմֆոնիկ Ջեքսոն» ծրագիրը ծանոթ է երեւանյան հանդիսատեսին, սակայն Սմբատյանի խոսքով՝ այն լրացվել է, եւ առաջիկա համերգներին կհնչեն նաեւ նոր գործեր: Նա փաստեց, որ նվագախմբի բոլոր անդամները մեծ ոգեւորություն ու պատասխանատվություն են զգում ամեն անգամ միջազգային հարթակներում ներկայանալիս: 

«Օրեր առաջ վերադարձանք Չինաստանից, որտեղ ունեինք մեծ համերգաշար։ Իհարկե, զգում ենք արտիստին բնորոշ ոգեւորություն, պատասխանատվություն եւ հուզմունք, քանի որ ներկայացնում ենք Հայաստանը եւ միշտ փորձում անդրադառնալ մեր հեղինակներին: Եթե նայենք ցուցանիշներին, Սիմֆոնիկ նվագախումբն ամենաշրջագայող կոլեկտիվն է Հայաստանում: Դա նպատակ չէր մեզ համար, այլ արդյունքն է նրա, որ նվագախումբն ունի կատարողական իր ոճը, տեսակը, դրա համար ամեն անգամ ելույթ ունենալով դրսում՝ փորձում ենք պահել այդ հատկանիշները, եւ կարծես՝ ունենք հաջողություն, ու ամեն ինչ անում ենք, որ այդպես լինի»: 

471782979_1542374673097569_2337880326915252374_n.jpg (533 KB)

2024-ը բավական հագեցած տարի էր նվագախմբի համար: Սմբատյանի գնահատմամբ՝ ունեցան 19 տարիների ընթացքում ամենամեծ ձեռքբերումներից մեկը՝ «Դոյչե Գրամոֆոն»-ի հետ թողարկելով Ազնավուրի 100-ամյակին նվիրված ձայնասկավառակը: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը խոստանում է՝ 2025-ը չի զիջի ակտիվությամբ: 

473263936_1542374403097596_7020535399202234822_n.jpg (504 KB)

«Ունենք շատ հրավերներ Ասիայում, Եվրոպայում, եւ, իհարկե, այստեղ էլ կլինեն շատ մեծ համերգներ: Նպատակ ունենք նվագել գործեր, որոնք դեռեւս չենք կատարել, եւ շատ մեծ հույս ունեմ, որ մի փոքր ավելի պոպուլյար կդարձնենք մեր ժամանակակից կոմպոզիտորներին, որոնց մասին շատ խոսվում է, բայց չենք լսում: Այս տարի նաեւ շեշտը դնելու ենք մեր կրթական ծրագրերի վրա՝ մանկապարտեզներում, դպրոցներում եւ համալսարաններում»:

Ի դեպ, «Սիմֆոնիկ ռոք» համերգաշարի տոմսերը վաճառվում են Դուբայի օպերայի կայքում․ օգտագործելով Symphonic25 պրոմոկոդը կստանաք 25 տոկոս զեղչ:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE