Տնային տնտեսուհու «համախտանիշ». ինչպե՞ս հաղթահարել

15:14   25 հունվարի, 2014

Տնային տնտեսուհի հասկացությունը մեր օրերում, չգիտես ինչու, նշանակում է՝ չխնամված, չհարդարված, կենցաղային հոգսերով մշտապես ծանրաբեռնված մայրիկ, ով ամեն ինչ հասցնում է, բացի իր արտաքինին հետեւելուց:

Շատ կանայք ամուսնությունից հետո, բացի վերոնշյալից, բողոքում են նաեւ իրենց ամուսինների անուշադրությունից: Բայց միայն հիշեք, թե ինչպիսի՞ տեսք ունեիք դուք նախքան նրա հետ ամուսնանալը: Նման կանանց մասին շատ հետաքրքիր ասացվածք կա. «Հետեւի'ր ինքդ քեզ եւ ստիպված չես լինի հետեւել ամուսնուդ»:


Ուզեք, թե չուզեք՝ տղամարդիկ սիրում են նաեւ աչքերով եւ ոչ միայն նրա համար, թե դուք որքան համեղ բորշչ եք եփել՝ հասցնելով այդ ընթացքում կերակրել ու քնեցնել երեխաներին:

Որպեսզի դուրս գաք տնային տնտեսուհու կարգավիճակից, պետք է չմոռանաք, որ դուք կին եք եւ ոչ մաքրող սարք, որն առավոտից մինչ երեկո պետք է տունը մաքրի, ափսեները լվանա եւ այլն: Չէ, իհարկե, տան մաքրությունը կարեւոր է, իսկ ի՞նչ կասեք ձեր մասին: Դուք նույն հոգատարությամբ հետեւո՞ւմ եք ձեր արտաքինին ու հիգիենային, ինչպես տան մաքրությանը: 

Նայե’ք ձեր եղունգներին: Քանի՞ օր է՝ չեք թարմացրել լաքը: Իսկ վարսերի մասին ի՞նչ կասեք: Նկատե՞լ եք՝ ժամանակն է թարմացնելու գույնը: Այս եւ այլ՝ առաջին հայացքից անկարեւոր թվացող մանրուքներն են, որ, գուցե, վանում են տղամարդկանց: 

Անգամ երբ տանն եք, մի՛ շրջեք խալաթով: Ո՞վ ասաց, որ գեղեցիկ հագուստը միայն միջոցառումների համար է եւ ոչ թե ձեր տղամարդուն գերելու: Օծանելիքը եւ մի փոքր շպարը նույնպես չեն խանգարի:

Միայն արտաքինին հետեւելով, ձեր հոգու եւ մարմնի հետ ներդաշնակ լինելով է, որ կկարողանաք հաղթահարել տնային տնտեսուհու «համախտանիշն» ու վերադառնալ թեկուզ հոգսերով լի, բայց հետաքրքիր առօրյա:



© NEWS.am STYLE