Հնարավո՞ր է զրկվել կուսությունից` առանց սեքսի կամ չունենալ կուսաթաղանթ ընդհանրապես. պարզաբանում է մասնագետը

23:24   25 հունվարի, 2014

Աղջկա առաքինության եւ մաքրության խորհրդանիշ համարվող կուսաթաղանթի մասին մշատպես միֆեր են հյուսվում, որոնք երբեմն ասես երգիծանքի ժանրից լինեն: Շատերի համար երգիծանք, մյուսների համար լուրջ մտածմունքների տեղիք` հնարավո՞ր է կուսությունը կորցնել առանց սեռական հարաբերության կամ չունենալ կուսաթաղանթ ի ծնե: Այս եւ այլ հարցերի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով NEWS.am STYLE–ը դիմել է մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիին.

Մեզ հետ զրույցում մանկաբարձ-գինեկոլոգն ասաց, որ այո’, առանց սեռական հարաբերության կուսաթաղանթը կարող է պատռվել անգամ մատով, ինչպես նաեւ մեխանիկական այլ իրով եւ ֆիզիկական տրավմայի հետեւանքով:

Պատասխանելով հարցին` հնարավո՞ր է ծնվել առանց կուսաթաղանթի, Սոցկին ասաց, որ դա շատ հազվադեպ հանդիպող երեւույթ է եւ իրենից ներկայացնում է անոմալիա:

«Դա հիմնականում լինում է մոր ներարգանդային զարգացման շրջանում, երբ սկսվում են ձեւավորվել աղջկա սեռական օրգանները, այդ ժամանակահատվածում կուսաթաղանթը կա’մ լիարժեք չի  ձեւավորվում կա’մ ընդհնարապես չի ձեւավորվում», - նշեց նա:

Խոսելով կանանց մոտ սեռական կյանքի բացակայության եւ դրա հետեւանքների մասին, Պավել Սոցկին նշեց, որ երիտասարդ տարիքում, որպես կանոն, դա ոչ մի վնասի չի հանգեցնում.

«Սակայն տարիքի հետ մեկտեղ, երբ կինը երկար ժամանակ կույս է մնում եւ ցանկություն է ունենում լինել տղամարդու հետ, կատարել իր վերարտադրողական ֆունկցիան, դա կարող է բերել նյարդային համակարգի գերլարվածության, ագրեսիայի բարձրացման եւ այլն, որն էլ՝ այլ հիվանդությունների առջացման», - հավելեց նա:



© NEWS.am STYLE