18:01 27 հունվարի, 2025Հայաստանի ժողովրդական արտիստ, անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն այսօր՝ հունվարի 27-ին, նշում է ծննդյան 86-ամյակը։ Մաեստրոյի տարեդարձը նշանավորվեց «Տիգրան Մանսուրյան» մենագրության շնորհանդեսով, որի հեղինակը արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Արեւշատյանն է։ Շնորհանդեսը տեղի ունեցավ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում՝ երաժշտական ոլորտի պրոֆեսիոնալների մասնակցությամբ։
Տիգրան Մանսուրյանի ու նրա արվեստի մասին շատ է խոսվել, սակայն սա մաեստրոյի մասին առաջին մենագրությունն է, որի շուրջ հեղինակն սկսել է աշխատել 2022 թ-ից։

«Տիգրան Մանսուրյանի ստեղծագործության նկատմամբ հետաքրքրությունը միշտ բավական մեծ է եղել, բայց որքան էլ զարմանալի թվա, առ այսօր նրա մասին մի ամբողջ մենագրություն գրված չի եղել։ Եղել են բազմաթիվ անդրադարձներ, հոդվածներ, հաղորդումներ, սակայն սա առաջին մենագրությունն է, որտեղ ես ձգտել եմ հնարավորինս ընդգրկուն կերպով ներկայացնել նրա ողջ ստեղծագործությունը ըստ ժանրերի»,-նշեց Աննա Արեւշատյանը։

Գիրքը բաղկացած է 9 գլուխներից, առաջինը կենսագրական է, մինչդեռ հաջորդող 8 գլուխները բաժանված են ըստ ժանրերի՝ կինոերաժշտությունից մինչեւ գեղարվեստական մոտեցումներ։
«Գրելու ընթացքում մշտապես կապի մեջ ենք եղել Մանսուրյանի հետ, եւ դա անմոռանալի փորձ էր, թեեւ ես նրան շատ վաղուց եմ ճանաչել՝ դեռեւս Կոնսերվատորիայում ուսանելուս տարիներից, եղել եմ նրա ուսանողը։ Գրքի ստեղծման ընթացքում պարբերաբար հանդիպել ենք, զրուցել, շփվել, եւ ես շատ շնորհակալ եմ իրեն՝ եւ տրամադրած ժամանակի եւ նյութերի համար»։

Արեւշատյանը նշում է՝ թեեւ հայրենիքում Մանսուրյանն առավել ճանաչված է իր կինոերաժշտությամբ, արտերկրում կոմպոզիտորին մեծ ճանաչում են բերել իր ակադեմիական ստեղծագործությունները։
Գիրքն առայժմ հասանելի չէ գրախանութներում, բայց հեղինակը հույս ունի՝ շուտով այն կհանվի վաճառքի։
Մանսուրյանի մասին այսօր բազմաթիվ դրական խոսքեր հնչեցին, մաեստրոն ստացավ ինչպես ծննդյան, այնպես էլ իրեն նվիրված գրքի շնորհանդեսի շնորհավորանքներ, ինքն էլ իր հերթին հիացական ու շնորհակալական խոսքեր արտահայտեց բոլորին՝ լավ խոսքերի ու իր ստեղծագործական ուղու վերաբերյալ մենագրությունը հնարավոր դարձնելու համար։
Սյունե Առաքելյան