10:30 7 փետրվարի, 2025Մհեր Մխիթարյանի գլխավոր դերակատարմամբ մեծ էկրաններ բարձրացավ «Բարի օր 2» ֆիլմը, որի պրեմիերան կայացավ երեկ՝ փետրվարի 6-ին, «Կինոմոսկվայում»: Հանդիսատեսն ականատես եղավ տաքսիստ Հենդոյի նոր արկածներին: Եթե առաջին ֆիլմում Հենդոյի համար մղձավանջային է լինում անդադար նույն ամսաթվին արթնանալը, ապա այս դեպքում նա դառնում է ճշմարտության զոհ՝ իր իսկ երազանքով: Գո՞հ է արդյոք ֆիլմի հերոսն իր ցանկությունից. այս հարցի պատասխանը կինոսերները կստանան մի շարք զավեշտալի իրադարձությունների զարգացումներից հետո:
Ֆիլմի ստեղծագործական կազմը նշում է՝ երբ նկարահանում էին «Բարի օր»-ը, չէին կարծում, որ այն պետք է ունենար երկրորդ մաս: Նրանց խոսքով՝ հանդիսատեսի դրական արձագանքը դարձավ ֆիլմի շարունակության մոտիվացիան:
«Առաջին ֆիլմը սիրվեց, միայն երեւանյան կինոթտրոններում այն 160 հազարից ավել մարդ է դիտել, շատ լավ արձագանքներ ենք ստացել թե ֆիլմի էջերում, թե Instagram-ում, մարդիկ ակնհայտ ցանկանում էին շարունակությունը տեսնել, եւ մենք, դեռ մեկ տարի չանցած, արդեն ներկայացրինք այն»,-ասում է ռեժիսոր Գրիգոր Գասպարյանը:
Посмотреть эту публикацию в Instagram
Նա խոստովանում է՝ կասկածներ ունեին, քանի որ «ֆիլմերի երկրորդ մասերը ռիսկային են լինում». «Երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի հասկանայինք, թե ինչ է լինելու գաղափարը: Միանշանակ եկանք նրան, որ կրկին պետք է հրաշք լինի, բայց այս անգամ՝ ուրիշ: Եթե նախորդ մասը ոգեշնչված էր «Արջամկան օրը» ֆիլմից, այս անգամ որոշեցինք մերը անել: Ֆիլմը մեզ համար հայելի է, հանրության հայելին, որտեղ մենք ինքներս կանք, միշտ չէ, որ հայելին գեղեցիկն է ցույց տալիս, բայց շատ անկեղծ ու պարզ է արտացոլում մեր կյանքը»:
Նոր ֆիլմում Հենդոն երազանք է պահում, որպեսզի բոլորն իրեն միայն ճիշտը ասեն, իսկ հետո ստիպված է լինում բախվել այդ ճշմարտության հետեւանքներին: Պարզվում է՝ ճշմարտությունը հաճախ կարող է քաոսային լինել: Գլխավոր հերոսին մարմնավորող Մհեր Մխիթարյանը նշում է՝ ինքն, ի տարբերություն Հենդոյի, միշտ չէ, որ կնախընտրեր «դառը» ճշմարտությունը:
«Կլինեմ անկեղծ՝ միշտ չէ, որ կցանկանայի իմանալ ճշմարտությունը, որովհետեւ լինում են դեպքեր, երբ պատասխանը փոքր-ինչ տխրեցնող է: Իմ դեպքում ես մեծ բավականություն եմ ստանում, երբ լսում եմ իմ մասին սուտը: Իսկ հերոսները հավաքական կերպարներ են, որեւէ կոնկրետ մեկին այս դեպքում հղում չի եղել»,-հավելում է դերասանը:
Ինչպես առաջին մասում, այս ֆիլմում եւս նկարահանվել են Ռոզի Ավետիսովան, Էվա Խաչատրյանը, Նանուլը, Վարդան Քոչարյանը, Իվետա Մուկուչյանը: Դերասանական կազմին միացել է Մկրտիչ Արզումանյանը, նաեւ՝ նոր դերասաններ:
Ֆիլմն ավարտվում է առեղծվածային կերպով: Արման Սարգսյանը, որը եւս հանդիսանում է ֆիլմի ռեժիսորը, չբացառեց, որ այն եւս, գուցե, ունենա շարունակություն:
«Անկեղծ ասած՝ առաջին ֆիլմը նկարահանելիս անգամ չէինք մտածում երկրորդի մասին, բայց հաջողությունը ցույց տվեց, որ պետք էր անել երկրորդը, եւ չի բացառվում, որ լինի նաեւ երրորդը, որովհետեւ մեր կյանքում հրաշքները շատ են»,-նշեց նա:
Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Ամարաս Գասպարյանն է, սցենարի հեղինակներն են Գառնիկ Մակվեցյանը եւ Վան Գրիգորյանը։
«Բարի օր 2»-ը կարող եք դիտել Երեւանի բոլոր կինոթատրոններում:
Սյունե Առաքելյան