21:03 15 փետրվարի, 2025«Wild»` վայրի․ այսպես է կոչվում Անահիտ Հակոբյանի եւ Գասոյայի (Գոռ Ասոյան) զուգերգը, որով երգիչները մասնակցում են «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին։ Երգի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է (tokionine), խոսքերը Գասոյան հեղինակել է Մայա Սինանյանի հետ։ Արտիստների դուետը ստեղծվել է «Դեպի Եվրատեսիլի» համար, սակայն հետագա համագործակցությունն էլ չեն բացառում։
«Համագործակցության առաջարկը ստացել եմ Մհեր Բաղդասարյանի կողմից։ Թեեւ նախորդ հարցազրույցներիս ժամանակ ասել էի, որ առայժմ վերականգնվում եմ «Նոր ալիք» մրցույթից (Անահիտը մրցույթի 2024 թ-ի հաղթողն է․ հեղ․) եւ մտադրություն չունեմ մասնակցելու «Եվրատեսիլ»-ին, անկեղծ ասած՝ Միացյալ Նահանգներ մեկնելուցս հետո շատ բան փոխվեց։ Ես եւ Գոռը հանդիպել ենք այնտեղ՝ «Դոլբի» թատրոնում։ Միանգամից հասկացանք, որ հետաքրքիր արտիստական էներգիա կա մեր մեջ, եւ կարծում եմ՝ բեմում մեր էներգիաները շատ գեղեցիկ կարող են ձուլվել, իսկ Հայաստանը, կարծես, իր պատմության մեջ «Եվրատեսիլ»-ում դեռ չի ունեցել աղջիկ-տղա դուետ։ Մեր երգը ռեգետոն եւ փոփ ժանրերում է, մեծ հույս ունենք, որ կսիրվի հայ լսարանի կողմից»,-ասում է Անահիտը։
Խոսելով երգի հաղորդագրության մասին՝ Գոռը նշում է՝ այն բնութագրում է թե իրեն, թե Անահիտին։
«Երգը մեր կյանքի մասին է, ինքն իրեն կերտող մարդու մասին է, այն մասին, թե ինչպես ես քեզ գտնում վայրի վիճակների մեջ։ Եվ այն շատ մեր մասին է»,-իսկ Անահիտը հավելում է,-«Երգում նաեւ ասվում է այն մասին, որ դու քո ճանապարհը մենակ ես անցնում․ ու այդ ցավի միջով անցնելով, ուղղակի, անպարտելի ես դառնում։ Երգը չկոտրվող մարդու մասին է, որը միշտ առաջ է գնում»։
Երգիչների խոսքով՝ բոլոր 12 մասնակիցներն էլ ուժեղ են, բայց իրենք վստահ են, որ իրենց երգը հենց եվրատեսիլյան շունչ ունի։
«Անկեղծ ասած՝ բոլոր 12 մասնակիցները բավականին տաղանդավոր են, հետաքրքիր երգեր են ներկայացրել, եւ ես կարծում եմ, որ մեր երգը շատ համապատասխան է եվրատեսիլյան ֆորմատին, նաեւ շա հետաքրքիր շոու է լինելու բեմում, ու կարծում եմ՝ մարդիկ կսիրեն դա»,-հավելեց Անահիտը։
«Դեպի Եվրատեսիլը» տեղի կունենա փետրվարի 16-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Անահիտն ու Գասոյան հանդես կգան 09 համարի ներքո։ Հաղթողը կորոշվի ժյուրիի ու հեռուստադիտողի քվեարկության արդյունքում։
Սյունե Առաքեյան