Զեղչեր խանութներում. հավատա՞լ դրանց, թե՞ ոչ

16:10   29 հունվարի, 2014

Ապրանքների գները զեղչելու ավանդույթը գալիս է շատ հնուց: Նախկինում խոշոր առեւտրականները նոր ապրանքի վրա գնորդների  ուշադրությունը սեւեռելու համար զգալիորեն իջեցնում էին հին ապրանքի գները` այդ կերպ ե’ւ ազատվելով դրանցից, ե’ւ գովազդելով նորերը:


Մեր օրերում խանութներում իրականացվող զեղչային մեծ ակցիաները նույնպես այդ միտումն ունեն, սակայն քիչ չեն նաեւ խանութները, որոնց նպատակը բոլորովին այլ է:

Հատկապես հագուստի խանութներում շատ հաճախ տնօրենները դիմում են անազնիվ քայլերի, օրինակ` հայտարարում, թե խանութը փակվում է, եւ իբրեւ թե այդ պատճառով լիկվիդացիոն վաճառք են իրականացնում` անհամեմատ ցածր գներով: Գրավիչ առաջարկ է, այնպես չէ՞: Երբեմն էլ չեղչերի տակ են հայտնվում վնասված եւ դեֆեկտ ունեցող հագուստը կամ նախորդ սեզոնների իրերը, որոնք արդեն դուրս են եկել նորաձեւությունից: Ըստ այդմ, հերթական զեղչային մեծ ակցիայի մասին լսելիս մտածեք վերոնշյալի մասին. ի՞նչ նպատակ է հետապնդում տվյալ խանութը` նոր ապրանքը գովազդելո՞ւ, թե հին, անպետք ապրանքից ազատվելու:

Եվրոպական մի շարք խանութներում, օրինակ, վնասված հագուստի վրա սովորաբար մակնշում է լինում այդ մասին, որպեսզի գնորդն իմանա, թե ինչու է տվյալ ապրանքի գինը զեղչվել: Եվ եթե նա, համապատասխան մակնշման առկայության դեպքում, գնի այդ իրը, այլեւս հետ վերադարձնել չի կարող, իսկ եթե դեֆեկտի մասին նշում չկա, գնորդը հանգիստ կարող է հետ հանձնել ապրանքը եւ պահանջել իր գումարը:



© NEWS.am STYLE