Վարսերը հինայով ներկելու գաղտնիքները

17:17   29 հունվարի, 2014

Հոգնել եք վարսերի գույնից, բայց ոչ մի կերպ չե՞ք ցանկանում քիմիական ներկերով վնասել դրանք: Ուրեմն ձեզ անհրաժեշտ է հինա: Հինան բնական ներկանյութ է, որն օգտագործում են վարսերն ամրացնելու, դրանց փայլ հաղորդելու եւ երանգը փոխելու համար:

Գոյություն ունի հինայի մի քանի տեսակ: Անգույն հինա, որը նախատեսված է վարսերին պարզապես ամրություն եւ փայլ հաղորդելու համար, գունավոր, որը հենց ներկելու համար է, եւ սպիտակ հինա` գունափաթելու համար:


Վարսերը հինայով ներկելու համար պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ: Օրինակ, եթե դուք մինչ այդ քիմիական ներկով ներկել եք վարսերը, ապա խորհուրդ չի տրվում հինա դնել վարսերին, քանի որ բնական եւ քիմիական նյութերն անհամատեղելի են:


Հիշեք, որ հինան տարբեր կերպ է ներկում վարսերը: Բաց գույնի վարսերն ավելի շուտ են ներկվում, մուգ վարսերը` ուշ: Այդ պատճառով, եթե ձեր վարսեր մուգ են, ապա հինայով դրանք ներկելը կտեւի 1-1.5 ժամ:

Հինայի հետքը հագուստի վրայից դժվարությամբ է մաքրում: Այդ պատճառով աշխատեք, որպեսզի վարսերը ներկելուց ոչ միայն հագուստը չկեղտոտվի, այլեւ գլխի մաշկը եւ ձեռքերը:

Կախված այն բանից, թե ինչ երանգ եք ցանկանում ստանալ, կարող եք տարբեր բնական նյութեր ավելացնել հինայի մեջ: Օրինակ` սուրճ կամ աղացած մեխակ`շագանակագույնի համար, կարմիր գինի` բալագույն երանգի համար, երիցուկ` ոսկեգույնի համար եւ այլն:



© NEWS.am STYLE