Գեղեցկության ներարկումներ. այն, ինչ պետք է իմանաք պեպտիդային կենսառեվիտալիզացիայի և պոլիկաթնաթթվի մասին

14:25   23 փետրվարի, 2025

Համաձայնեք՝ մենք ապրում ենք զարմանալի ժամանակներում. ծերացումը բնական է, իհարկե, ոչ ոք դա չի արգելում, բայց կանանց մեծ մասը նախընտրում է հետաձգել այս պահը, քանի որ առանց կտրուկ միջամտությունների կարելի է թարմ և երիտասարդ տեսք ունենալ։ Խոսքը ոչ թե դասական հիալուրոնային ֆիլլերի կամ բոտոքսի մասին է (որոնք այլևս ոչ ոքի չեն զարմացնում), այլև՝ ավելի առաջադեմ եղանակների՝ պեպտիդային կենսառեվիտալիզացիայի և պոլիկաթնաթթվային ներարկումների մասին։

Կարծես կենսաքիմիայի դասագրքից մի հատված լինի, չէ՞: Մի անհանգստացեք, հիմա ամեն ինչ կբացատրի կոսմետոլոգ Արմինե Աղաջանյանը։

Պեպտիդներ. անհատական մարզիչներ ձեր մաշկի համար

Եթե ձեր մաշկը կարողանար խոսել, 30-ից հետո կսկսեր նվնվալ. «Ես հոգնել եմ, ուժ չունեմ»: Եվ հենց այստեղ են օգնության հասնում պեպտիդները: Պատկերացրեք նրանց որպես ֆիթնեսի մարզիչների, որոնք ստիպում են ձեր բջիջներն ավելի ակտիվ աշխատել՝ արտադրելով կոլագեն և հիալուրոնաթթու: Սրանք հենց այն նյութերն են, որոնցից կազմված են մեր մաշկը, մկանները և նույնիսկ ներքին օրգանները:

Ի՞նչ են անում դրանք.

- ձգում են մաշկը՝ ավելացնելով խտությունը

- խթանում են կոլագենի արտադրությունը (այո-այո, որը պատասխանատու է առաձգականության համար):

- բարելավում են միկրոշրջանառությունը. դեմքը թարմ և հանգստացած տեսք է ունենում

- թեթևացնում են բորբոքումները. եթե ունեք հետպզուկ, դրան էլ է օգնում

Պեպտիդները կարելի է ուտել (դիետիկ հավելումների տեսքով), քսել (քսուքների մեջ) կամ ներարկվել (պեպտիդային կենսառեվիտալիզացիա): Վերջին տարբերակն ամենաարդյունավետն է, քանի որ անմիջապես սննդարար նյութեր է հաղորդում մաշկի խոր շերտերին:

Ե՞րբ է ժամանակը

30-ից հետո, եթե նկատում եք, որ ձեր մաշկը այլևս այդքան խիտ չէ, ի հայտ են եկել նուրբ կնճիռներ և տոնուսի կորուստ։

Բայց! Եթե դուք խնդրահարույց մաշկ ունեցող երիտասարդ աղջիկ եք, պեպտիդները ձեզ նույնպես կարող են օգնել. դրանք կարգավորում են ճարպագեղձերը և նվազեցնում բորբոքումը:

Պոլիկաթնաթթու. երիտասարդացման նոր դարաշրջան՝ առանց չափն անցնելու

Պոլիկաթնաթթուն (կամ՝ PLA. poly-L-lactic acid) հենց ֆիլլեր չի, թեև այն հաճախ շփոթում են հիալուրոնաթթվի հետ: Տարբերությունը հսկայական է: Եթե հիալուրոնաթթուն պարզապես լրացնում է բացերը, ապա պոլիկաթթունը խթանում է մաշկի աշխատանքը:

Ի՞նչ տեսք ունի

Դուք ներարկումներ եք անում, բայց անմիջապես ազդեցության փոխարեն (ինչպես հիալուրոնաթթվի դեպքում), պետք է մի փոքր սպասել. արդյունքը կհայտնվի մի քանի ամսից։ Այս ընթացքում մաշկը «արթնանում է», սկսում արտադրել կոլագեն և աստիճանաբար դառնում ավելի խիտ։

Ո՞ւմ է այն հարմար.

- նրանց, ովքեր նկատում են, որ իրենց դեմքը դարձել է «հարթ», և այդ ծավալն անհետացել է այտոսկրերի, այտերի և դեմքի ստորին հատվածում

- նրանց, ովքեր չեն ցանկանում չափն անցնել, էֆեկտը շատ բնական է՝ առանց «փքված դեմքի»

- նրանց, ովքեր փնտրում են լիֆտինգ վիրահատությունների այլընտրանք, բայց դեռ պատրաստ չեն վիրահատության

Ե՞րբ ՉԻ կարելի դա անել

Եթե 25 տարեկան եք, և ձեր մաշկը կատարյալ վիճակում է, դա ձեզ պարզապես պետք չէ: Բայց եթե դուք 35+ եք և զգում եք, որ ձեր դեմքը թուլացել է, սա կարող է շատ լավ ներդրում լինել:

Պեպտիդներ, թե՞ պոլիկաթնաթթու. ի՞նչ ընտրել

- պեպտիդային կենսառեվիտալիզացիա. եթե մաշկը թմրել է, ուզում եք թարմություն, բայց առանց ծավալի փոփոխության: Կատարյալ է նույնիսկ 30-ից բարձր մարդկանց համար՝ որպես տարիքային փոփոխությունների դեմ կանխարգելիչ միջոց:

- պոլիկաթնաթթու. եթե նկատում եք թուլացում, մաշկի խտության կորուստ, քթի խոռոչի ծալքերի խորացում: Հիանալի տարբերակ՝ 35-ից հետո դեմքի վերականգնման համար։

Եկեք անկեղծ լինենք. ներարկումները կախարդանք չեն։ Արդյունքները տեսնելու համար անհրաժեշտ են ժամանակ, կարգապահություն և իրավասու մասնագետ։ Եթե ինչ-որ մեկը ձեզ խոստանում է «նոր դեմք՝ մի սեանսով», փախեք:



© NEWS.am STYLE