39 տարեկանում մահացել է «Gossip Girl» սերիալի դերասանուհի Միշել Տրախտենբերգը

10:18   27 փետրվարի, 2025

39 տարեկանում մահացել է Gossip Girl սերիալի դերասանուհի Միշել Տրախտենբերգը։ ABC News-ին ոստիկանության աղբյուրները հայտնել են, որ դերասանուհին կարող էր բարդություններ ունենալ լյարդի փոխպատվաստումից:

39-ամյա աստղին մահացած են գտել Նյու Յորքի իր բնակարանում՝ Columbus Circle-ի մոտ: Նրա մարմինը հայտնաբերել է մայրը։ Ոստիկանությունն ասում է, որ դա բնական մահ է:

Աղբյուրները հայտնել են TMZ-ին, որ դերասանուհին պայքարում էր ալկոհոլային խնդիրների դեմ: Մահվան ստույգ պատճառը պարզելու համար դիահերձում կկատարվի:

Միշել Տրախտենբերգը մահից անմիջապես առաջ լյարդի փոխպատվաստման է ենթարկվել։ Աղբյուրները The Post-ին հայտնել են, որ նրա մարմինը, հնարավոր է, մերժել է փոխպատվաստված լյարդը:

Տրախտենբերգն առավել հայտնի էր «Բաֆֆի. Վամպիրներին ոչնչացնողը» ֆիլմում իր դերով։ Նա խաղացել է Բաֆֆիի կրտսեր քրոջ՝ Դոն Սամերսի դերը՝ հիթ շոուի 66 դրվագներում։

 



© NEWS.am STYLE