16:08 27 փետրվարի, 2025«Անցյալն առկա է՝ ապագան կանխատեսելու համար». այսպես կարելի է նկարագրել Սենտ Էթիենի 13-րդ միջազգային դիզայնի բիենալեի էությունը, որը նվիրված է վաղվա օրվա ռեսուրսների ուսումնասիրությանը: Փետրվարի 26-ին Երեւանում տեղի ունեցավ բիենալեին Հայաստանի մասնակցության շնորհանդեսը, որտեղ երկիրը հանդես է գալու որպես պատվավոր հյուր։
2025թ. մայիսի 22-ից մինչեւ 2025թ. սեպտեմբերի 22-ը La Platine – Cité du Design-ում տեղի կունենա «Ծալք եւ ծավալ» ցուցահանդեսը, որը կուսումնասիրի, թե ինչպես է տարածքը դառնում կրեատիվ արդյունաբերության ռեսուրս: Բիենալեն, որը ղեկավարում են Նաիրի Խաչատրյանը (AHA collective), Ժան-Ֆրանսուա Դինքջյանը եւ Էլուա Շաֆայը (Normal Studio), կառաջարկի նոր հեռանկար աշխարհագրության, պատմության եւ դիզայնի փոխազդեցության վերաբերյալ:
Բայց ինչո՞ւ հենց ռեսուրսներն են դարձել բիենալեի թեման։
Այսօր, երբ կլիմայական իրողությունը, բնական ռեսուրսների սպառումը եւ արտադրության ավանդական մեթոդների վերաբերյալ աճող կասկածները ստիպում են մարդկությանը փնտրել նոր ուղիներ, դիզայնը դուրս է գալիս սովորականի սահմաններից: Այն դառնում է իմաստների լաբորատորիա, կանխատեսման մեթոդ եւ աշխարհը վերափոխելու միջոց։
«Մենք խոսքում ենք ոչ միայն բնական ռեսուրսների, այլ նաեւ դիզայնի համատեքստում «ռեսուրս» հասկացության մասին։ Ի՞նչ դեր է խաղում շրջակա միջավայրը: Ինչպե՞ս կարող է տիեզերքը դառնալ ոգեշնչող աղբյուր: Ինչպե՞ս է անցյալը կերտում ապագան»,- խորհրդածում են կազմակերպիչները։
Այս փնտրտուքներում Հայաստանը դառնում է յուրահատուկ խորհրդանիշ։ Պատմության մեջ խորապես արմատացած լինելով՝ այն միաժամանակ տիրապետում է ապագային միտող հզոր ստեղծագործական ներուժի: Սենտ Էթիենն ու Կապանը վերջերս դարձան քույր քաղաքներ։ Խորհրդանշական է, որ Հայաստանն այս տարի բիենալեում կենտրոնական տեղ է զբաղեցնում՝ ներկայացնելով ավելի քան 15 ժամանակակից արվեստագետներ, դիզայներներ եւ արտ-կառույցներ։
Բիենալեի շրջանակում Ֆրանսիան Հայաստանին տրամադրում է 500 քառակուսի մետր ցուցահանդեսային տարածք։ Տարածքը կդառնա հարթակ ձեւի, նյութերի եւ միջավայրի փորձերի ցուցադրման համար՝ հնարավորություն տալով ներկայացնել Հայաստանը ոչ միայն որպես հարուստ պատմություն ունեցող երկիր, այլեւ որպես ժամանակակից դիզայներական մտածողության կենտրոն։
«Ծալք եւ ծավալ» ցուցահանդեսը խորասուզում է հայկական ստեղծագործական լանդշաֆտի մեջ: Այն ուսումնասիրում է տարածությունը որպես ռեսուրս, որը ձեւավորում է ոչ միայն արվեստը, այլեւ մտածողությունը: «Հայաստանը ծալքավոր լեռնային տեղանք է, եւ հենց լանդշաֆտի ծալքերն ու ոլորքներն են դառնում ոչ միայն ֆիզիկական իրականություն, այլ նաեւ դիզայներական մտքի փոխաբերություն»,- նշել է Նաիրի Խաչատուրյանը։
Ցուցահանդեսի կարեւորագույն մասերից է անդրադարձը հայկական մոդեռնիզմին։ Ցուցահանդեսին կներկայացվեն երկու խորհրդանշական գործիչների աշխատանքները՝ դիզայներ Հռիփսիմե Սիմոնյանի, որը կանգնած է եղել Հայաստանում արդյունաբերական դիզայնի ակունքներում, եւ Կամո Նիգարյանի՝ նկարիչ, որի գաղափարներն ազդել են ստեղծագործողների նոր սերնդի վրա: Նրանց աշխատանքների արխիվային նյութերը տեսողական եւ իմաստային հակապատկեր կստեղծեն հայ երիտասարդ դիզայներների ժամանակակից նախագծերի համար՝ ապացուցելով, որ ավանդույթն ու նորարարությունը ոչ թե հակադիր, այլ փոխլրացնող տարրեր են։
«Հայաստանին բիենալե հրավիրելու գաղափարն առաջացել է բնականաբար»,- խոստովանել է կազմակերպիչներից Ժան-Ֆրանսուա Դինքջյանը։
Սենտ Էթիենը ոչ միայն Ֆրանսիայի արդյունաբերական կենտրոնն է, այլեւ հայկական սփյուռքի հետ երկարամյա կապեր ունեցող քաղաք։ 1930-ականներից այստեղ հայերի սերունդներ են ապրել եւ աշխատել, բայց Ֆրանսիայում քիչ բան է հայտնի ժամանակակից Հայաստանի անհավանական ստեղծագործական ներուժի մասին:
«Ֆրանսիական սփյուռքը հաճախ անտեսում է հայ արվեստի խորհրդային շրջանը՝ կարծելով, որ միջնադարից հետո էական բան տեղի չի ունեցել։ Մենք ուզում ենք ցույց տալ, որ այդպես չէ։ Որ այսօր Հայաստանում տեղի է ունենում հզոր ստեղծագործական գործընթաց, եւ այդ ստեղծագործությունն ապագան սնուցող հիմնական ռեսուրսն է»,- նշել է Դինքջյանը։
Հենց այդ պատճառով բիենալեն առաջարկում է Հայաստանի տեսակետն առանց կարծրատիպերի՝ արվեստագետների, ճարտարապետների եւ դիզայներների պրիզմայի միջով, որոնք վերիմաստավորում են տարածությունը, նյութերը, ավանդույթները:
«Ծալք եւ ծավալ» ցուցահանդեսը խոստանում է դառնալ երկխոսության վայր, որտեղ հատվում են տարբեր սերունդներ, գեղարվեստական շարժումներ եւ փիլիսոփայություններ։ Այստեղ անցյալը միահյուսվում է ապագային, ավանդույթները դառնում են նոր իմաստների կատալիզատոր: Սենտ Էթիենը բացահայտումների համար տարածք է բացում։ Եվ հայ դիզայներները պատրաստ են լրացնել այն։