Էստոնիայում հայտնի հայ բլոգերը` նորաձեւության, հայրենիք կատարած այցի եւ տպավորությունների մասին

12:09   29 հունվարի, 2014

Աշխարհում նորաձեւության մասին բլոգները լայն տարածում եւ շատ ընթերցողներ ունեն: Հայաստանում բլոգի այս տեսակը այդքան էլ տարածված չէ, իսկ նորաձեւության բլոգերներին կարելի է մատների վրա հաշվել, բայց կա մի աղջիկ, ով ապրելով եւ գործունեություն ծավալելով Էստոնիայում, սիրվեց ոչ միայն տեղի ընթերցողների կողմից, այլեւ հայ: Խոսքը նորաձեւության բոգեր  Լուսինե Այանյանի մասին է, ով արդեն չորս տարի է` վարում է Lucine’s blog-ը:

Լուսինեն  27 տարեկան է , ապրում է Տալլինում: Աշխատում է տեղական ընկերություններից մեկում` որպես մարքեթինգի եւ զարգաման մասնագետ, զուգահեռ ստանում  է դիզայներ-մոդելավորողի կրթություն: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Լուսինեն պատմում է բլոգեր դառնալու, հայրենիք կատարած այցերի եւ ստացած տպավորությունների  մասին:

«Ծնվել եմ Երեւանում, բայց փոքր տարիքում ընտանիքիս հետ տեղափոխվել եմ Մերձբալթիկա: Այնուամենայնիվ, Հայաստանն իմ հայրենիքն է, եւ ես շատ ուրախ եմ, որ երբեմն ստացվում է հյուր գալ հարազատներիս»,-ասում է նա` պատասխանելով մեր հարցերին:

Ինչո ւ ՞ հենց նորաձեւության մասին բլոգ որոշեցիր վարել, ինչո ՞վ է գրավում նորաձեությունը:

Նորաձեւությունը եւ այն, ինչ կապված է դրա հետ, ինձ գերում է իր հսկայական հնարավորություններով: Դեռ փոքրուց շատ եմ նկարել, փորձել տարբեր հագուստներ, շատ ուշադրություն եմ դարձրել զգեստապահարանիս: Նախքան սեփական բլոգ ունենալը, ես երկար ժամանակ կարդում է այլ հայտնի բլոգերների: Երբ շատ մտքեր հավաքվեցին եւ հայտնվեց այն, ինչ կուզեի կիսել ուրիշների հետ, ես որոշեցի ինքս փորձել իմ ուժերը: Արդեն չորրորդ տարին է, ինչ վարում եմ իմ բլոգը մեծագույն հաճույքով: Այն ինձ տալիս է ստեղծագործական ինքնաարտահայտման հսկայական հնարավորությւոն:

Ինչպե ՞ս ես վերաբերվում քո հասցեին հնչող քննադատություններին, չէ ՞ որ ճաշակին ընկեր չկա:

Միանգամայն Ճիշտ է ասված, որ ճաշակը բոլորի մոտ տարբեր է: Այդ պատճառով, երբ ինձ քննադատում են, առաջին հերթին, ընդունում են դա որպես սուբյեկտիվ կարծիք: Հիմնավորված քննադատությունը նույնիսկ  հետաքրքիր  է լսել եւ կարդալ: Դա լրացուցիչ անգամ հնարավորություն է տալիս մտածել, թե ինչու կողմնակի մարդը հենց այդպես մտածեց:

Գիտեմ, որ վերջերս Հայաստանում ես եղել: Ի ՞նչ տպավորություններ ես ստացել:

Անցած տարի Երեւանում եմ եղել երկու անգամ: Իմ վերջին` նոյեմբերին կատարած այցի ընթացքում շատ գործեր ունեի, որոնցով պետք է զբաղվեի: Այդ ժամանակ ես տեսա Երեւանը աշխատանքային հոգսերի ամենաեռուն շրջանում, իսկ ամռանը շատերը հանգստանում են, քաղաքում շատ են զբոսաշրջիկները, զանազան մշակութային միջոցառումները: Վերջինն ինձ շատ դուր է գալիս իմ հայրենի քաղաքում: Գրեթե ամեն օր դու հնարավորություն ունես այցելել թանգարաններ, համերգներ, թեմատիկ երեկույթներ, պատմական վայրեր եւ այլն:

Որպես նորաձեւության բլոգեր` քո խորհուրդը հայուհիներին:

Իմ միակ խորհուրդը, երբ խոսք է գնում նորաձեւության մասին` պահպանեք ձեր եսը: Պետք չէ վազել նորաձեւության հետեւից եւ կրկնօրինակել ինչ-որ մեկին: Կարեւոր է ունենալ սեփական ոճը: Այն, ինչը լավ է նայվում ինչ-որ մեկի վրա, դեռ չի նշանակում, որ ձեզ կսազի: Փորձեք հագուստի միջոցով ինքնադրսեւորվել եւ ցույց տալ ձեր անհատականությունը եւ ոչ մի դեպքում չթաքնվել դրա հետեւում:



© NEWS.am STYLE