16:13 10 մարտի, 2025Chopard-ի ոսկերչական իրերի եւ Insofu ժամացույցների նոր շարքը ոգեշնչվել է Insofu զմրուխտից՝ 6 255 կարատանոց չմշակված քարից, որը սկզբում հայտնաբերվել է Զամբիայի Կագեմ հանքավայրում 2010թ.: Այն այդպես է անվանվել (ինսոֆու տեղական բեմբա լեզվով նշանակում է «փիղ») կենդանու կնճիթի նմանության եւ հսկայական չափերի համար, գրել է Robb Report-ը։
2022թ. Chopard-ը ձեռք է բերել անմշակ քարը, եւ համանախագահ, գեղարվեստական տնօրեն Քերոլայն Շոյֆելեին հանձնարարվել է գնահատել, թե ինչպես հսկա քարից կարելի է տպավորիչ ձեւավորում ստանալ պատրաստի զարդերի համար, ինչը հեշտ գործ չէ զմրուխտների պարագայում, որոնք ավելի փափուկ են, ավելի փխրուն եւ, հետեւաբար, ավելի ռիսկային մշակման համար՝ ադամանդի համեմատ:

Զմրուխտը բացահայտում է իր իսկական պոտենցիալը որպես պատրաստի թանկարժեք քար միայն այն բանից հետո, երբ այն հատվում է: Բրենդը Հնդկաստանից բերել է աշխարհի թանկարժեք քարերի լավագույն վարպետներին՝ այն հատելու համար, որը տեւել է գրեթե մեկ տարի:
Արդյունքում ստացվել են 850 կարատի զմրուխտ քարեր եւ 16 բարձրարժեք ոսկերչական զարդերից բաղկացած հավաքածու: Դրանք ներառել են արտ-դեկոյից ոգեշնչված չոկերներ, երկար, ծորացող վզնոցներ եւ նուրբ մարգարտյա մանժետով ապարանջան՝ զարդարված զմրուխտե տերեւներով: Բայց ծրագրի մեխը կախազարդն է փղի ձեւով, ավելի քան 50 զրմուխտներով՝ տարբեր ձեւավորմամբ եւ տարբեր չափերի, ադամանդներով եւ երկար շթղաներով զարդարված, որը փոխակերպվում է նաեւ ճարմանդի։