Մանուշյանական շաբաթը Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտոիտում

15:09   17 մարտի, 2025

Մարտի 14-18-ը Երևանում և Արտաշատում անցկացվող Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման` նրա զինակիցներին նվիրված «Մանուշյանական շաբաթ» միջոցառման շրջանակներում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «ԵՐԻՏԹՈՒՐՔԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ` ՆԱՑԻԶՄ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԸ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ» խորագրով միջազգային գիտաժողովը: 

854aa69c-c4a7-459b-8fa7-2eed2960f94f.jpeg (54 KB)

ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանն բացման իր խոսքում նշեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մեծ սիրով է միացել «Մանուշյանական շաբաթին» և ուրախ է միջոցառման մասնակիցներին ընդունելու ՀՑԹԻ-ում: Էդիտա Գզոյանն ապա հավելեց, որ գիտաժողովի խորագիրն ինքնին շատ խոսուն է. այն մարդիկ, ովքեր տեսել և անցել էին մարդկության դեմ իրականացրած 20-րդ դարի առաջին  հանցագործության միջով, որը ծնունդն էր երիտթուրքական ազգայնականության, իրենց գործուն մասնակցությունն ունեցան 20-րդ դարի մյուս չարիքի՝ նացիզմի դեմ պայքարում: Ներկաներին ողջունեց նաև գիտաժողովի համակազմակերպիչ, «ՍԱԹԷ - ԱԹՂԸ» թատերական միության հիմնադիր Սաթէ Խաչատրյանը:

Գիտաժողովի երկու օրերի ընթացքում ելույթ ունեցան 12 հետազոտող Հայաստանից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից:

813275ba-e67d-4524-ac12-d957a7c61121.jpeg (49 KB)

Գիտաժողովի մասնակիցներն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը, իսկ երկրորդ օրը շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

83c1907f-918a-46b5-80a7-9a37ddfd0dd6.jpeg (67 KB)

Նշենք, որ «Մանուշյանական շաբաթ» միջոցառման նպատակն է վերաիմաստավորել Մանուշյանի ժառանգությունը, ընդգծել նրա դերը համաշխարհային դիմադրության շարժման մեջ և խթանել ֆրանսիական ու հայկական պատմամշակութային երկխոսությունը։

fd275451-2eaf-4b29-82a2-e4c412493edd.jpeg (57 KB)

«Մանուշյանական շաբաթ» միջոցառումն իրականացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, Հայաստանում Եվրոպական միության ներկայացուցչությունը, ֆրանսիական Օվերն Ռոն Ալպեր տարածաշրջանը և Լիոնի քաղաքապետարանը՝ «ՍԱԹԷ - ԱԹՂԸ» թատերական միությունն ու «ԱՐՏ - ԻՄԱԺ» մշակութային կազմակերպությունը:

79474ea5-8ad6-4c5f-bb7c-108551552692.jpeg (55 KB)



© NEWS.am STYLE