Ջասթին Բիբերն ինքնակամ ոստիկանություն է ներկայացել

11:33   30 հունվարի, 2014

Կանադական 19-ամյա երգիչ Ջասթին Բիբերը լիմուզինի վարորդին ծեծելու գործի շրջանակում ինքնակամ ներկայացել է Տորոնտոյի ոստիկանություն: Պաշտոնական որեւէ հայտարարություն դեռեւս չի արվել: Լրագրողներն ու Բիբերի երկրպագուները հերթապահում են ոստիկանության շենքի առջեւ:

Կանադական Global News լրատվական գործակալության փոխանցմամբ, Բիբերը ոստիկանություն է եկել ընկերների եւ թիկնապահի հետ:

Միջադեպը տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերի 30-ի գիշերը: Լիմուզինի վարորդին, ում կանչել են 6 ուղեւորի փոխադրելու համար, ճանապարհին ուղեւորներից մեկը ծեծել է: Այն ժամանակ ոստիկանությունը գործ էր հարուցել եւ հետաքննություն սկսել, սակայն չէր մանրամասնում, արդյո՞ք մեղավորը հենց Բիբերն է եղել:

Սակայն դատելով այն բանից, որ երգիչն անձամբ է եկել ոստիկանություն, հենց նա էլ հարձակվել է վարորդի վրա:

Չորեքշաբթի առավոտյան Բիբերը հրաժարվել էր ընդունել մեկ այլ մեղադրանք, որը նրան առաջադրել էր Մայամիի ոստիկանությունը: Ջասթինին ձերբակալել էին հունվարի 23-ին, ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու եւ իրավապահներին դիմադրելու համար: Մի քանի ժամ անց երգչին ազատ էին արձակել 2.500 դոլար գրավի դիմաց: Դատական նիստը նշանակված է փետրվարի 14-ին: Բիբերին մինչեւ 6 ամիս ժամկետով ազատազրկում է սպառնում:



© NEWS.am STYLE