Արամ Մանուկյանի «Սիգմա» ֆիլմը Վատիկանում արժանացել է մրցանակի

15:05   27 մարտի, 2025

Մարտի 14-ին Վատիկանում, «Parole Aperte» մշակութային ծրագրի շրջանակում, ցուցադրվել է ռեժիսոր, Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիայի խորհրդի անդամ Արամ Մանուկյանի «Սիգմա» հայկական կարճամետրաժ ֆիլմը, գրում է «Ֆիմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա»-ն։

Այն Վատիկանում ցուցադրված առաջին հայկական ֆիլմն է, ինչը խորհրդանշում է հայկական արվեստի միջազգային ճանաչումը եւ մշակութային փոխանակման կարեւորությունը։ 

«Սիգմա» ֆիլմի պատմական ցուցադրությանը հաջորդել է Վատիկանի հեղինակավոր «Parole Aperte» մրցանակի շնորհումը ֆիլմին, որը Վատիկանի կողմից բնորոշվել է որպես հոգեւոր Ավետիսով համամարդկային ֆիլմ։ 

«Սա ստեղծագործություն է, որն առանձնանում է իր գեղագիտական ուժով եւ էթիկական լարվածությամբ՝ խոսելով պատերազմի ընթացքում մարմնի ու ծեսի մասին՝ ավետարանական խորհրդանիշներով»՝ գրվել է «Սիգմա» ֆիլմի մասին։ 

Վատիկանի կողմից մշակույթային վաստակի համար մրցանակ է շնորհվել նաեւ ֆիլմի համապրոդյուսեր, Մոնտեկատինիի միջազգային կինոփառատոնի (MISFF) նախագահ Մարչելո Զեպպիին։ 

«Սիգմա» ֆիլմը ստեղծվել է LETME Production կինոընկերության ստեղծագործական թիմի կողմից։ Ֆիլմի ռեժիսորն է Արամ Մանուկյանը (LetMe ընկերության տնօրեն), գլխավոր պրոդյուսերներն է Կարեն Ծատուրյանը, աշխատակազմի ղեկավարը Արտուշ Կիրակոսյանն է,  բեմադրող օպերատոր՝ Ռոմեն Ծատուրյան, արտադրության ղեկավար՝ Սահակ Գրիգորյան, պրոդյուսեր՝ Դավիթ Ջինանյան, Էսթեր Սերաֆինի՝ միջազգային բաժնի ղեկավար, ֆիլմի կոմպոզիտորն է Հայկ Ներսեսյանը։ 

Ֆիլմի հերոսին կերտել է Գյումրու Դրամատիկական թատրոնի դերասան Արսեն Միքայելյանը։



© NEWS.am STYLE