Ինչո՞ւ է տղամարդկանց լսողությունը, ի տարբերություն կանանց, ոչ այնքան զգայուն

14:11   30 մարտի, 2025

Ինչո՞ւ է տղամարդկանց լսողությունը, ի տարբերություն կանանց, ոչ այնքան զգայուն։ Պարզվում է՝ դրա համար պատճառներ կան։ Փորձագետները հայտնաբերել են, որ տղամարդկանց մոտ լսողությունը զգալիորեն ավելի քիչ է զգայուն, քան կանանց մոտ բնակչության տարբեր խմբերում եւ բոլոր հաճախականություններում, գրել է Daily Mail-ը։

Եվ դա կարող է ինչ-որ աստիճանով բացատրել, թե ինչու տղամարդիկ հաճախ  չեն լսում աղբը թափելու խնդրանքը։

Գիտնականների միջազգային խումբը լսողության թեստեր է անցկացրել 450 տղամարդկանց շրջանում աշխարհի բնակչության 13 խմբերից, ներառյալ Էկվադորը, Անգլիան, Գաբոնը, Հարավային Աֆրիկան եւ Ուզբեկստանը։

Նրանք հետազոտել են ականջի խեցու զգայունությունը՝ ուսումնասիրելով, թե ինչպես է այն փոխանցում ուղեղի ազդանշանները՝ ի պատասխան ձայնի տարբեր ամպլիտուդների եւ հաճախականության։

Լավ հայտնի է, որ մարդիկ սովորաբար ավելի լավ են լսում աջ ականջով, քան ձախով, եւ լսողությունը սովորաբար վատանում է տարիքի հետ։

Սակայն վերլուծությունը ցույց է տվել, որ լսողությունն ավելի շատ կախված է սեռից, քան տարիքից, ընդ որում՝ կանայք ցուցադրում են միջինը երկու դեցիբելով ավելի զգայուն լսողություն, քան տղամարդիկ բնակչության հետազոտված բոլոր խմբերում։

Թեեւ դա սովորաբար համարվում է խիստ աննշան տարբերություն, հետազոտողները հայտնել են, որ այն էական է։

«Մենք զարմացած էինք՝ հայտնաբերելով, որ կանանց մոտ լսողությունը երկու դեցիբելով ավելի զգայուն է հետազոտված բոլոր խմբերում, եւ դա բացատրում է մարդկանց միջեւ տարբերությունների մեծ մասը։

«Դա կարող է կապված լինել հորմոնների տարբեր ազդեցությունների հետ մոր արգանդում զարգացման ժամանակ, քանի որ տղամարդկանց եւ կանանց մոտ կան ոչ մեծ կառուցվածքային տարբերություններ կոխլեար անատոմիայում։

Բացի լսողության ավելի բարձր զգայունությունից՝ կանայք նաեւ ավելի լավ են հաղթահարում լսողության այլ թեստերը եւ խոսքի ընկալումը, ինչը մատնանշում է այն մասին, որ նրանց ուղեղն ավելի լավ է մշակում ինֆորմացիան»,- ասել է Բատայի համալսարանի պրոֆեսոր, հետազոտության համահեղինակ Թուրի Քինգը։

Թիմը հայտնաբերել է, որ մարդու շրջակա միջավայրը նշանակությամբ երկրորդ գործոնն է, որն ազդում է նրա լսողության վրա։

Անտառային շրջաններում ապրող մարդիկ ունեն լսողության ամենաբարձր զգայունությունը, իսկ նրանք, ովքեր ապրում են մեծ բարձրությունում՝ ամենացածրը։

 



© NEWS.am STYLE