16:32 31 հունվարի, 2014Ճապոնացիները մարդկությանը թռիչքային քայլերով գերբնական առաջընթացի են տանում: Այս անգամ Ծագող արեւի երկրում կրծքալ են հնարել, որը հնարավոր է հանել միայն իրական սիրո օգնությամբ:

The Guardian-ի փոխանցմամբ, ներքնազգեստ արտադրող ճապոնական Ravijour ընկերությունը նորարարություն է առաջարկում: Արտադրողը True Love Tester անվանումով համակարգ է հնարել: Մի քանի օր առաջ, երբ հոլովակը հայտնվեց համացանցում, անհավատալի արագությամբ սկսեց դիտումներ հավաքել: Այս պահին նորարարությունն արդեն 3 միլիոն մարդ ուսումնասիրել է:

Գաղափարը հետեւյալն է. հագուստի այս պարագայի մեջ թաքնված սարք կա, որը հաշվում է կնոջ սրտի զարկերը: Bluetooth-ի օգնությամբ այն կապված է smartphone-ի հատուկ ծրագրին, որը թույլ է տալիս փակիչն արձակել միայն այն դեպքում, երբ կինը սիրահարված է:

Կրծքալը սրտի անհրաժեշտ հաճախականության դեպքում ինքնուրույն է արձակվում: Իհարկե, ոչինչ չի ասվում այն մասին, թե կինը կրծքալն ինչպես կարող է արձակել, եթե այդ երեկո սեր չի եղել, բայց արդեն քնել է ուզում: