Դերասանուհի Մեգ Ռայանն էկրանավորելու է Վիլյամ Սարոյանի վեպը

16:03   31 հունվարի, 2014

Հոլիվուդյան ճանաչված դերասանուհի Մեգ Ռայանը որոշել է ռեժիսորական գործունեությամբ զբաղվել: 52-ամյա աստղը բեմադրելու է «Իթաքա» ֆիլմը:

Մեգն էկրանավորելու է Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպը (1942թ.): Այն պատմում է Իթաքա քաղաքից պատանի փոստարար Հոմեր ՄաքՕլեյի մասին: Իրադարձությունները տեղի են ունենում Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Հոմերի ավագ եղբայրը պատերազմ է գնում, իսկ նա մնում է տանը՝ մոր, եղբոր եւ քրոջ հետ ու հոգում է ընտանիքի ապրուստը:

1943 թվականին MGM կինոստուդիան Սարոյանից գնել է վեպի էկրանավորման իրավունքն ու համանուն ժապավենը նկարահանել՝ Միկի Ռունիի եւ Ֆրենկ Մորգանի մասնակցությամբ: Ֆիլմը հինգ անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի եւ մեկ անգամ պարգեւատրվել «Լավագույն սյուժե» անվանակարգում:

Նորաթուխ ռեժիսորը նաեւ խաղալու է սեփական ֆիլմում: Մյուս դերերի համար Մեգ Ռայանն ընտրել է Սեմ Շեփարդին, Մելանի Գրիֆիթին եւ իր որդուն՝ Ջեք Քուեյդին: Ժապավենի պրոդյուսերը Թոմ Հենքսն է:

Աղբյուրը՝ The Hollywood Reporter



© NEWS.am STYLE