18:23 16 ապրիլի, 2025Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի կողմից կազմակերպվող «ԽԱԶԵՐ» հայկական երաժշտական մրցանակաբաշխությունն այս տարի հյուրընկալում է բացառիկ արտիստի՝ միջազգային ճանաչում ունեցող կոմպոզիտոր, պրոդյուսեր Kitt Wakeley-ին։
Kitt Wakeley-ն Recording Academy-ի Տեխասի մասնաճյուղի կառավարման խորհրդի անդամ է, ինչպես նաև Ակադեմիայի քվեարկող անդամ։ Նա չորս անգամ առաջադրվել և երկու անգամ արժանացել է հեղինակավոր «Գրեմմի» մրցանակի։ Նրա ստեղծագործություններից 7-ը զբաղեցրել են առաջին տեղը Billboard-ի աղյուսակում, և 21 հիթ ընդգրկվել է լավագույն տասնյակում։ Կոմպոզիտորի վերջին նախագծերից է Aaron Lazar-ի «Impossible Dream» ալբոմը, որում ներգրավված են հայտնի անուններ՝ Sting, Josh Groban, Neil Patrick Harris, Kristin Chenoweth, Loren Allred, Kelli O’Hara, Leslie Odom Jr. և ուրիշներ։ Այս նախագծով նա 2025 թվականին առաջադրվել է «Գրեմմի» մրցանակաբաշխության “Traditional Pop, Global Album” և “Classical Compendium” անվանակարգերում։
Համաշխարհային երաժշտական առաջատար կազմակերպության՝ Recording Academy-ի և Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի միջև բանակցությունները մեկնարկել էին դեռ ամիսներ առաջ։ Kitt Wakeley-ի այցը Հայաստան ապացույցն է այն բանի, որ ամերիկյան Ակադեմիան ողջունում է երաժշտական ակադեմիական գործունեության ընդլայնումը Հայաստանում։ Ներկայումս բանակցություններն ընթացքի մեջ են՝ նպատակ ունենալով ձևավորելու երկարաժամկետ համագործակցություն, որի շրջանակներում նախատեսվում են համատեղ մի շարք ծրագրեր և նախագծեր։
Recording Academy-ի հետ այս համագործակցությունը նոր հորիզոններ կբացի հայ ստեղծագործող երաժիշտների, պրոդյուսերների և երաժշտական ոլորտի այլ ներկայացուցիչների համար՝ դառնալով կամուրջ միջազգային համագործակցությունների, փորձի փոխանակման, համատեղ նախագծերի իրականացման, ինչպես նաև հայկական երաժշտությունը համաշխարհային լսարանին ներկայացնելու և ճանաչելի դարձնելու ճանապարհին։
«Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխությունն անցկացվելու է ապրիլի 30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մրցանակաբաշխությունը մեկնարկելու է կարմիր գորգի արարողությամբ, որին հրավիրված են արտիստներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ Մրցանակաբաշխությունը ցուցադրվելու է Արմենիա հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Տոմսերն արդեն հասանելի են։