Yerevan Wine Days 2025. Հայաստանի գլխավոր գինու փառատոնը վերադառնում է  

13:05   26 ապրիլի, 2025

Երեւանը հունիսի սկզբին կրկին կլցվի գինու անուշահամ բուրմունքով ու սիրելի երգերի մեղեդիներով։

Հունիսի 6-ից 8-ը Հայաստանի մայրաքաղաքում տեղի կունենա Երեւանի գինու օրերի իններորդ փառատոնը՝ տարվա գլխավոր գինու իրադարձությունը։ 2025 թվականին փառատոնը կհասնի նոր մակարդակի. «Քո գինու օրվա ճանապարհը» արշավի ներքո, որը միտված է հանրայնացնել Հայաստանի գինեգործական երթուղիները՝ առաջարկելով գինին վայելելու եւ գինու մշակույթը բացահայտելու հատուկ օրակարգ, հյուրերը հնարավորություն կունենան ոչ միայն քայլել ստենդից ստենդ, այլեւ ծանոթանալ Հայաստանի գինու զբոսաշրջության լավագույն կենտրոններին։ 

_DSC5777.jpg (40 KB)

Փառատոնի նոր նախագիծը՝ Your Wine Day Route-ը, կառաջարկի 20 եզակի երթուղիներ, որոնք համատեղում են թանգարանները, գինեգործությանը վերաբերող պատմական եւ մշակութային նմուշները, գինեգործարաններն ու փորձարարական վայրերը:

Երթուղիներից մեկը կարող եք սկսել առավոտյան՝ Գինու պատմության թանգարանում, ցերեկը շարունակել  գինեգործարաններից մեկում եւ ավարտել Երեւանի Գինու օրեր փառատոնին, որտեղ կհնչի ջազ, ֆոլկ, ինդի եւ հայկական երաժշտություն ժամանակակից մեկնաբանությամբ։

Փառատոնի բեմերը կրկին համախմբելու են սիրված արտիստներին եւ երիտասարդ երաժիշտներին, իսկ 2025 թվականի երաժշտական ծրագիրը կկրի «Սեր, Երեւան» խորագիրը՝ Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ նախագիծ։

_DSC7396.jpg (83 KB)

Ամեն օրը նվիրվելու է Երեւանի մասին մեկ երգի, որի բառերը կբաժանվեն հյուրերին, եւ ամեն օր՝ 22։00-ից բոլոր հավաքվածները այն միասին կկատարեն երաժշտական ֆլեշմոբի ձեւաչափով։ Սիրելի YereWine աուդիոպերֆորմանսը նույնպես կշարունակվի՝ 3D աուդիո ներկայացմամբ, որը կուղեկցվի սպիտակ եւ կարմիր գինիների համտեսով: Այս տարի նախատեսվում է մինչեւ 100 գինեգործի մասնակցություն՝ կայացած բրենդներից մինչեւ նորեկներ։

322PRMK1353.jpg (59 KB)

Փառատոնը կարեւոր հարթակ է ոչ միայն հայկական գինու ներկայացման, այլեւ երիտասարդ գինեգործների, փորձարարական պիտակների եւ գինու հայտնագործությունների մեկնարկի համար։ Միեւնույն ժամանակ, 9-րդ տարին անընդմեջ փառատոնին կարելի է տեսնել մշտական մասնակից դարձած գինեգործական գործարանների. սա խոսում է նախագծի հանդեպ բարձր վստահության եւ հեղինակության մասին:

356PRMK1572.jpg (53 KB)

 Հյուրերի աճող հոսքի պատճառով (ինչպես տեղացիներ, այնպես էլ զբոսաշրջիկներ) կազմակերպիչները ընդլայնում են միջոցառման տարածքը՝ բացի Սարյան, Թումանյան եւ Մոսկովյան փողոցներից, այս տարի փառատոնը կընդլայնվի մինչեւ Բաղրամյան պողոտա։

Փառատոնին կլինեն հաջողված համագործակցություններ Երեւանի քաղաքապետարանի, ինչպես նաեւ Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի եւ պետական այլ կառույցների մասնակցությամբ։ «Պետական աջակցությունն արտահայտվում է ոչ միայն ֆինանսների, այլ նաեւ լոգիստիկայի, կապի, ենթակառուցվածքների եւ, որ ամենակարեւորն է, փառատոնի կարեւորության ռազմավարական ճանաչման մեջ՝ երկրի զբոսաշրջության եւ գինեգործության համար»,- նշում են կազմակերպիչները։

_DSC8155.jpg (69 KB)

Այսպես, 2024 թվականին փառատոնն առաջին անգամ քաղաքապետարանից ստացել է Շառլ Ազնավուրի անունը կրող երաժշտական բեմ։ Այն դարձավ նոր գրավչության կետ՝ միավորելով քաղաքի գինու եւ երաժշտական մշակույթը։ Երեւանի գինու օրերը պարբերաբար գրավում են միջազգային լրատվամիջոցների եւ գինու փորձագետների ուշադրությունը՝ CNN, Forbes, Euronews, Wine Travel Awards: 2022 թվականին փառատոնը ճանաչվել է «Տարվա իրադարձություն», իսկ 2024-ին հաղթել է «Տարածաշրջանային մագնիս» անվանակարգում։

_DSC8237.jpg (92 KB)

Այս տարի կազմակերպիչները միջազգային հյուրերի համար նախապատրաստում են մեդիաշրջագայություններ եւ մասնագիտական այցեր՝ նրանց ծանոթացնելու ոչ միայն փառատոնային մթնոլորտին, այլեւ հայկական գինեգործական համակարգին։ Այսպիսով, հունիսի 6-ից 8-ը բաց մի թող տարվա ամենագինառատ ու գունեղ իրադարձությունը։ Ամրագրիր օրերը, որ ամառը սկսվի գինով, վառ էմոցիաներով ու անմոռանալի պահերով։



© NEWS.am STYLE