20:20 2 փետրվարի, 2014Մարտի 2-ին Լոս Անջելեսում կկայանա «Օսկար» մրցանակաբաշխության 86-րդ արարողությունը, որի ժամանակ կորոշվեն կինոաշխարհի` 2013 թվականի լավագույնները:

Նախորդ տարի հայ կինոսերները հաճելի անակնկալի եկան. հայկական «Եթե բոլորը» ֆիլմը հայտ էր ներկայացրել հեղինակավոր այս մրցանակաբաշխության` «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգի համար: Ճիշտ է, այն չընդգրկվեց անվանակարգում, սակայն փաստը, որ հայկական ֆիլմի մասին խոսվեց նաեւ համաշխարհային մակարդակով, արդեն մեծ ձեռքբերում էր:
Ցավոք, նույնը չենք կարող ասել այս տարվա մասին: Այն, որ այս տարվա «Օսկարի» անվանակարգերում չկա հայկական որեւէ անուն, փաստ է: Բայց արդյո՞ք որեւէ հայտ չի ներկայացվել: Այս հարցի պատասխանը ստանալու համար NEWS.am STYLE-ը կապ հաստատեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի պատասխանատու Ռուզան Բագրատունյանի հետ:

Մեզ հետ զրույցում նա ասաց, որ Կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված ֆիլմերից որեւէ մեկը չի ներկայացվել «Օսկար»-ի: Ռուզան Բագրատունյանը, սակայն, չբացառեց, որ ամերիկաբնակ հայ ռեժիսորներն իրենց աշխատանքները ներկայացրած լինեն:
Հավելենք, որ այս տարի ֆրանսիահայ դերասան եւ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանի «Փարաջանով» ֆիլմը «Օսկարի» ուկրաինական կոմիտեն առաջադրել էր որպես «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգի համար, բայց այն նույնպես չընդգրկվեց այդ անվանակարգում: