Մարտին Սկորսեզեն ազդարարել է Հռոմի հանգուցյալ Ֆրանցիսկոս պապի վերաբերյալ վավերագրական ֆիլմի մասին

15:23   1 մայիսի, 2025

Կուլտային ռեժիսոր Մարտին Սկորսեզեն նկարահանել է վավերագրական ֆիլմ Հռոմի հանգուցյալ Ֆրանցիսկոս պապի մասին, որտեղ ներկայացվում են զրույցները հովվապետի եւ Սկորսեզեի միջեւ, ներառյալ այն մեկը, որն, ըստ ֆիլմն ստեղծողի, պապի վերջին նման հարցազրույցն էր, տեղեկացրել է The Guardian-ը։

«Aldeas – A New Story»-ն մանրամասն կպատմի Scholas Occurrentes-ի աշխատանքի մասին, ոչ առեւտրային միջազգային կազմակերպություն, որը հիմնել է պապը 2013թ.՝ առաջ մղելու համար այն, ինչը նա անվանում էր երիտասարդության հետ «Հանդիպման մշակույթ»։

Aldeas Scholas Filmը եւ Sikelia Productions-ը հայտարարել են, որ վավերագրական ֆիլմը դառնալու է «անանց հավատի վկայությունն այն բանին, որ ստեղծագործությունը ոչ միայն արտահայտվելու միջոց է, այլեւ դեպի հույս եւ տրանսֆորմացիա տանող ճանապարհ»։

Իր մահվանից առաջ Ֆրանցիսկոս պապը Aldeas-ն անվանել է «չափազանց պոետիկ եւ շատ կառուցողական նախագիծ, որովհետեւ այն անդրադառնում է մարդկային կյանքի արմատներին, մարդկային շփմանը, մարդկային կոնֆլիկտներին... կենսական ուղու էությանը»։

«Այժմ, ինչպես երբեք, մենք պետք է խոսենք միմյանց հետ, լսենք միմյանց։ Դրան հասնելու լավագույն  միջոցներից մեկը պատմություններ ներկայացնելն է այն մասին, թե ով ենք մենք՝ արտացոլված մեր անձնական կյանքում եւ փորձի մեջ։ Դա օգնում է մեզ հասկանալ եւ գնահատել այն, թե ինչպես է մեզանից յուրաքանչյուրը տեսնում աշխարհը։ Հռոմի Ֆրանցիսկոս պապի համար կարեւոր էր, որպեսզի մարդիկ ողջ աշխարհում գաղափարներ փոխանակեն հարգանքով՝ պահպանելով իրենց մշակութային ինքնությունը, եւ կինոն դրա լավագույն միջոցն է»,- հայտնել է ռեժիսորը։

Սկորսեզեն շատ անգամ է հանդիպել Ֆրանցիսկոս պապի հետ, եւ նրանց զրույցները երբեմն ոգեշնչել են ռեժիսորին։

Երբ Ֆրանցիսկոսը մահացավ ապրիլի 21-ին, Սկորսեզեն նրան հիշել է որպես «բոլոր առումներով հիանալի մարդ»։ «Նա ընդունում էր իր սեփական թերությունները»,- ասել է նա։ «Նա ուսումնասիրում էր իմաստությունը։ Նա ուսումնասիրում էր բարությունը։ Նա անսասան հավատարմություն ուներ բարությանը։

Հոգու խորքում նա գիտեր, որ տգիտությունը մարդկության ահավոր ժանտախտն է։ Ուստի նա երբեք չի դադարել սովորել։ Եվ նա երբեք չի դադարել լուսավորել։ Եվ նա ընդունում էր, դասավանդում եւ գործադրում ներումը։ Համընդհանուր եւ մշտական ներումը»։



© NEWS.am STYLE